Սիրիական հակամարտությունը չի կարելի լուծել ռազմական ներխուժմամբ․ Բան Կի Մուն

Նմանատիպ հակամարտությունները չի կարելի լուծել ռազմական ներխուժման միջոցով, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին կարող են լինել սիրիական հակամարտությանը հնարավոր միջամտության հետևանքները տարածաշրջանի համար։

«Նմանատիպ հակամարտությունները չի կարելի լուծել ռազմական ներխուժման միջոցով։ Ես խոսել եմ սիրիական հակամարտության բոլոր կողմերի ներկայացուցիչների հետ, հետագա ռազմականացումը կհանգեցնի միայն էլ ավելի մեծ թվով զոհերի։ Մեզ անհրաժեշտ է բազմակողմ երկխոսության միջոցով գտնել տվյալ խնդրի քաղաքական լուծում»,- ասել է Բան Կի Մունը։

Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Նախօրեին ՄԱԿ-ը ներկայացրել է իր փորձագետների պատրաստած զեկույցը, որում հաստատել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը։

Անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել են վեց կետից բաղկացած համաձայնեցված ծրագիր, համաձայն որի՝ սիրիական քիմիական զենքի զինանոցը պետք է ոչնչացվի կամ դուրս բերվի երկրից մինչև 2014թ․ կեսը։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ողջունել է ձեռք բերված համաձայնությունը, սակայն նախազգուշացրել է, որ դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում Միացյալ Նահանգները պատրաստ է լինելու գործել։

Մեկնաբանել