Շառլ Ազնավուրը հանդիպել է Ալմաթիի հայ համայնքի հետ

Ալմաթիի «Լույս» հայկական մշակութային կենտրոնում 2013թ. սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հետ, որը որպես պատվավոր հյուր մասնակցում էր Ղազախստանի հարավային մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական երաժշտական մրցանակաբաշխությանը (Eurasian Music Award) և կինոփառատոնին (Eurasian International Film Festival):

Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպումը կազմակերպել էր Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը: Ողջույնի խոսքով հանդես են եկել Ղազախստանում ՀՀ նորանշանակ դեսպան Արա Սահակյանը, Ալմաթիի Սբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մարկոս քահ. Սարգսյանը, Ղազախստանի հայերի «Նաիրի» միավորման նախագահ Արտուշ Կարապետյանը և ուրիշներ:

Շառլ Ազնավուրը հետաքրքրվել է ղազախահայերի պատմությամբ, ներկայով, հայապահպանության խնդիրներով, ներկայացրել է ԼՂ հիմնահարցի հայանպաստ կարգավորմանն ու Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու ուղղությամբ ձեռնարկած իր ջանքերը: Նա այցելել է նաև Սբ Կարապետ հայկական եկեղեցի: