Երկրորդ անհատույցը՝ «Երևան իմ սեր» հիմնադրամին

Կառավարությունը, Երևանի քաղաքապետարանի առաջարկով, պատրաստվում է նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի «Երևան իմ սեր» հիմնադրամին այս տարի արդեն երկրորդ անգամ անհատույց հողատարածք հատկացնել մայրաքաղաքում։

Երևանի քաղաքապետարանի կողմից կառավարության սեպտեմբերի 19-ի նիստին ներկայացված որոշման նախագծով առաջարկվել է Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող Կոզեռնի փողոցի 11 հասցեում գտնվող 298 քմ մակերեսով և Դ115,6 մլն շուկայական արժեք ունեցող հողամասը նվիրաբերել «Երևան իմ սեր» հիմնադրամին՝ որպես պետություն-մասնավոր համագործակցություն։

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հիմնադրամն այդ տարածքում բարեգործական ծրագրի շրջանակներում նախատեսում է կառուցել ցածրահարկ շենք։ Այն լինելու է «Հանրային կենտրոն» և անվճար հատկացվելու է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավորների և համայնքի հոգևոր կարիքների համար։

Գործադրի այս տարվա հունվարի 16-ին որոշմամբ էլ «Երևան իմ սեր» հիմնադրամին բարեգործական նպատակներով նվիրաբերվել էր Երևանում համայնքային սեփականություն հանդիսացող 1005 քմ մակերեսով և Դ401 մլն արժեք ունեցող հողամաս Կոնդ թաղամասում, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հարակից տարածքում։