Թուրքիայում քրդերը և լազերը մայրենի լեզվով կրթություն են պահանջում

Այս օրերին ինչպես Թուրքիայի շատ քաղաքներում, այնպես էլ երկրի արևելյան շրջաններում՝ Դիարբեքիրում, Հաքարիում, Վանում, քրդերը կազմակերպել են բողոքի ցույցեր՝ պահանջելով մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունք: Քրդական Firat գործակալության հաղորդմամբ` շատ վայրերում քուրդ աշակերտները բոյկոտում են և չեն հաճախում դպրոց: Փողոց դուրս եկած քուրդ երիտասարդների ըմբոստությունը գլխավորում են Թուրքիայի մեջլիսի քրդական կուսակցության պատգամավորները:

Քրդերի՝ մայրենի լեզվով կրթություն ստանալու պահանջը զայրացրել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչին, որը նման պահանջներն անամոթություն է որակել: Ավելին, Թուրքիայի փոխվարչապետն ասել է, որ եթե քրդերն ուզում են` իրենց երեխաները քրդերեն սովորեն, թող Հյուսիսային Իրաքի քրդական դպրոցներ ուղարկեն:

Թեև քուրդ գործիչները հայտարարում են, թե քրդերենով կրթության ամրագրումը կուժեղացնի Թուրքիան, սակայն թուրքերը քրդերենով կրթությունը համարում են այն շղթայի սկիզբը, որը կհանգեցնի քրդերի պահանջների արմատականացմանը` ընդհուպ անկախություն:

Ուշագրավ է նաև, որ այս օրերին մայրենի լեզվով կրթություն ստանալու պահանջով են հանդես գալիս Սև ծովի թուրքական ափերին բնակվող լազերը: Լազերի այս պահանջը բարձրաձայնում է Լազերի մշակույթի և համերաշխության ընկերությունը:

Մեկնաբանել