IT’s Armenia սեմինար` Տոկիոյում

Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը սեպտեմբերի 13-ին Տոկիոյում կազմակերպել էր IT’s Armenia խորագրով սեմինար, որին աջակցում էին Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպությունը (JETRO), Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը, Տնտեսության, առևտրի և արդյունաբերության նախարարությունը, Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ROTOBO) և Ճապոնիայի առևտրաարդյունաբերական պալատը (JCCI):

Ինչպես հաղորդում են արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, սեմինարը նվիրված էր Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Սեմինարին մասնակցել են ճապոնական ընկերությունների, գիտահետազոտական կենտրոնների, պետական կառույցների մոտ 150 ներկայացուցիչներ:

Միջոցառման բացմանը ելույթ է ունեցել դեսպան Հրանտ Պողոսյանը` ներկայացնելով հայ-ճապոնական հարաբերությունները, իրականացվող աշխատանքն ու գործակցության խորացման հնարավորությունները: 

Այնուհետև ներկաներին ողջույնի խոսքով դիմել է SSIS (Society of Semiconductor Industry Specialists) կազմակերպության նախագահ, Hitachi ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, որը խոսել է կիսահաղորդիչների արդյունաբերության զարգացման ուղիների, մասնավորապես՝ Makimoto Wave անուն ստացած միտումների, իր գործունեության ընթացքում ձեռք բերած փորձի և հաջողության հասնելու սկզբունքների վերաբերյալ:

Սեմինարի զեկուցողները համակողմանիորեն ներկայացրել են Հայաստանի ՏՏ ոլորտի առանձնահատկությունները, վերջին 20 տարում իրագործված ծրագրերը, համագործակցության և ներդրումային հնարավորությունները, Հայաստանում արդեն իսկ հաջողությամբ գործունեություն ծավալած ընկերությունների փորձը և ոլորտի զարգացմանն ուղղված առաջիկա անելիքներն ու ակնկալիքները:

Սեմինարի ավարտին տեղի է ունեցել ընդունելություն, որի ընթացքում հայ և ճապոնացի մասնագետները զրուցել են ընդհանուր հետաքրքություն ներկայացնող հարցերի և Հայաստանում ճապոնական ընկերությունների ներգրավման հնարավորությունների վերաբերյալ: Ճապոնացի մասնակիցներից շատերը նշել են, որ Հայաստանի նվաճումները ՏՏ ոլորտում իրենց համար անակնկալ էին, և միջոցառումը նպաստել է ՀՀ-ի հետ համագործակցելու հետաքրքրվածության խորացմանը: