ԿԲ-ն արձանագրել է սպառողների վստահության անկում

Տնային տնտեսությունները հոռետեսորեն են նայում տնտեսական պայմանների բարելավման հնարավորությանը։

Կենտրոնական բանկը հրապարակել է այս տարվա երկրորդ եռամսյակի «Սպառողների վստահության ցուցանիշը»՝ 43,3։ Սա ամենացածր մակարդակն է ճգնաժամային 2009թ. երկրորդ եռամսյակից ի վեր (42,5)։ Ցուցանիշը ԿԲ-ն հրապարակում է 2005-ի վերջերից։

Սպառողների վստահության ցուցանիշն (ՍՎՑ) ըստ էության դիֆուզիոն ինդեքս է, որը հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի պատասխանների հիման վրա դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն։

Ըստ ԿԲ-ի մեթոդաբանության՝ ինդեքսները տատանվում են 0-ից 100 միջակայքում: Ինդեքսի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը՝ աճ, 50 արժեքը՝ կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է)։ Արժեքների 45-55 միջակայքն ընդունվում է որպես «կայունության միջակայք»։

Սպառողների վստահության՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշը (43,3) գտնվում է նվազման միջակայքում։ Մյուս կողմից, ապագա սպասումների ցուցանիշը կայունության միջակայքում է՝ 52,2։ Չնայած ընդհանուր լավատեսությանը, գալիք եռամսյակի համար նվազել են հարցված տնային տնտեսությունների ֆինանսական վիճակի փոփոխության սպասումները։ Նվազել են նաև զբաղվածության փոփոխության սպասումները։

Ապագա սպասումների «կայուն» ցուցանիշը դեռևս ոչինչ չի նշանակում։ Այսպես, օրինակ՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հարցվածների պատասխանների հիման վրա ստացվել էր ապագա սպասումների 52,6 ցուցանիշ։ Երկրորդ եռամսյակում ընթացիկ պայմանների ինդեքսը փաստացի կազմել է 34,4։ Այլ կերպ ասած՝ պայմանների բարելավման սպառողների շրջանում առկա սպասումները չեն իրականացել։ Բացի այդ, երկրորդ եռամսյակում ընթացիկ պայմանների ցուցանիշը առաջինի համեմատ վատթարացել է 0,9 տոկոսային կետով։

Ըստ ԿԲ հրապարակման՝ առաջին եռամսյակի համեմատ նվազել են սպառողների եկամուտները, ինչպես նաև ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականները։

Մեկնաբանել