Թուրք-սիրիական սահմանին պայթյունի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Սեպտեմբերի 17-ին Սիրիայի հյուսիում` թուրքական սահմանի մոտակայքում, ավտոմեքենա է պայթեցվել, ինչի արդյունքում զոհվել է 7 մարդ, վիրավորվել` 12-ը, հաղորդում է Al Jazeera-ն` վկայակոչելով սիրիացի ընդդիմադիրներին:

Վերջինները տեղեկացրել են, որ պայթյունը տեղի է ունեցել Բաբ ալ-Հավա հսկիչ-անցագրային կետում, որը գտնվում է իրենց վերահսկողության տակ:

Hurriyet Daily News-ի հաղորդմամբ` դեպքի վայրում արված լուսանկարներում երևում են մի քանի հրդեհված մեքենաներ:

«Նպատակը սահմանում իրավիճակի ապակայունացումն է: Բոլոր տուժածները քաղաքացիներ են, որոնք պատրաստվում էին անցնել սահմանը»,- ասել է ընդդիմության գործիչներից Օմար Արեֆը:

Պայթյունը հետևել է նախօրեին Թուրքիայի կողմից սիրիական ուղղաթիռի ոչնչացմանը: Սիրիական բանակը հայտարարել է, որ հարվածը «սրընթաց էր» և տեղի ունեցածում մեղադրել է Թուրքիային, որը «սատարում է սիրիական ընդդիմությանն ու փորձում է լարվածություն առաջացնել թուրք-սիրիական սահմանի մոտ»:

Մեկնաբանել