Բրազիլիայի նախագահը չեղյալ է հայտարարել իր այցը ԱՄՆ

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը չեղյալ է հայտարարել հաջորդ ամիս նախատեսված իր այցը ԱՄՆ` ավելի վաղ հայտնված այն տեղեկությունների կապակցությամբ, համաձայն որոնց` ամերիկյան Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսել է Բրազիլիայի բարձրագույն ղեկավարությանը, հաղորդում է BBC-ն:

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի հրապարակած փաստաթղթերից հայտնի է դարձել, որ գործակալությունը մատչում է ունեցել Դիլմա Ռուսեֆի և նրա օգնականների էլեկտրոնային գաղտնի հաղորդագրություններին և հեռախոսազրույցներին: Փաստաթղթերում նաև նշված է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները հետևել են բրազիլական Petrobras նավթային ընկերությանը:

Բրազիլական խորհրդարանի հատուկ հանձնաժողովը, որը հետաքննել է ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության կողմից լրտեսության դեպքերը, իր ներկայացուցիչներին ուղարկել է Մոսկվա` Սնոուդենի հետ հանդիպելու և մանրամասները պարզելու համար:

Մեկնաբանել