Ամերիկացի սենատորները Ասադին աջակցող ռուսական բանկերին պատժելու կոչ են անում

Ամերիկացի սենատոր Ռիչարդ Բլումենտալը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է արել պատժել ռուսական բանկերին, որոնք, նրա կարծիքով, աջակցում են Բաշար Ասադի վարչակարգին, հաղորդում է ամերիկյան Politico-ն: Նրա խոսքով՝ Ասադը չէր կարող շարունակել պատերազմը առանց ռուսական ֆինանսական կազմակերպությունների աջակցության:

«Մենք կարող ենք սառեցնել նրանց ակտիվները, կարող ենք նրանց խոչընդոտել բիզնես վարել ԱՄՆ-ում, ինչպես նաև արգելել նրանց աշխատակիցների մուտքը ԱՄՆ՝ այսպիսով ռուսներին իրական ֆինանսական ցավ պատճառել», -ասել է սենատորը:

Դեմոկրատ սենտորը իր գործընկերներ Քելի Էյոթի, Ջոն Կորնինի և Ժաննա Սահինի հետ համատեղ նամակ է ուղարկել ԱՄՆ ֆինանսների նախարարություն՝ Ասադի վարչակազմի հետ համագործակցող ռուսական բանկերին պատժելու պահանջով: Նամակում նշված են ռուսական «Վնեշէկոնոմբանկը» «Գազպրոմբանկը», ինչպես նաև «ՎՏԲ» բանկը: Ընդ որում՝ վերջինում, ըստ «մի շարք աղբյուրների» Ասադը անձնական հաշիվներ ունի:

ԱՄՆ Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել 2011թ.: Այնուհետ պատժամիջոցներ սահմանել է Եվրամիությունը: 2013թ. ամռանը Վաշինգտոնը որոշակիորեն մեղմացրել է պատժամիջոցները՝ սիրիացի ընդդիմադիրներին ապրանքներ մատակարարելու համար: