iOS 7-ը հասանելի է անվճար թարմացման համար

iOS 7 բջջային օպերացիոն համակարգը 2013թ. սեպտեմբերի 18-ին հասանելի է դարձել iOS սարքավորումների համար, որից հնարավոր է օգտվել iPhone, iPad և iPod գաջեթների միջոցով, սակայն ոչ բոլոր տարբերակների, հաղորդում է Mashable-ը:

iOS 7-ի ինտերֆեյսի վրա աշխատել է Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնաթան Իվը: iOS 7-ում ներկառուցված ստեղնաշարը կիսաթափանցիկ է, օգտատերը դրա հետևում հնարավորություն ունի տեսնել բովանդակությունը: iOS 7-ի նորույթներից է ֆայլերի փոխանակման AirDrop ծառայությունը, որը հնարավորություն է տալիս P2P Wi-Fi-ի միջոցով «կիսել» լուսանկարներ ու տեսանյութեր մոտակայքում գտնվող ընկերների հետ:

Թարմացված օպերացիոն համակարգի հետ միասին Apple-ը կթողարկի նաև iTunes Radio երաժշտական ծառայությունը, որն օգտատերերին հնարավորություն կտա երաժշտություն լսել հոսքային ռեժիմով, ինչպես նաև ստեղծել սեփական ռադիոալիք և խմբագրել փլեյլիստեր: Այն կտրամադրվի անվճար տարբերակով, սակայն կատարումները կուղեկցվեն գովազդներով: Գովազդներ ստիպված չեն լինի լսել iTunes Match-ում գրանցված օգտատերերը:

Control Center գործառույթը կապահովի համակարգի կառավարման պարամետրերի, երաժշտության և բջջային ծրագրերի կառավարման գործընթացը: Տեսախցիկը կստաա լուսանկարների խմբագրման նոր ֆոտոֆիլտրներ: Apple-ը նաև թարմացրել է Siri ձայնային օգնականը` հնարավորություն տալով օգտատերերին ընտրել կնոջ կամ տղամարդու ձայնը:

Safari բրաուզերը կստանա լայնաէկրան ռեժիմ և նոր պատուհանների բացման սահմանափակման արգելանքի վերացում:

iOS 7-ից կարող են օգտվել iPhone 4, iPad 2, iPad mini, iPod Touch 5 և բարձր մոդելների գաջեթների օգտագործողները: Այն կաշխատի նաև iPhone 5S և iPhone 5C թարմացված սմարթֆոնների հետ: