Սիրիական ուղղաթիռը հարվածելիս Թուրքիան գործել է «բացարձակապես թափանցիկ». Պետդեպ

Թուրքիայի կառավարությունը բանակին լիազորել է սահմանային խախտումների դեպքում գործել ուժի կիրառման կանոնների (Rules of Engagement) համապատասխան, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 17-ին Անկարայում Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսին, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Լրագրողների հարցին, թե արդյոք բանակը կառավարությանը տեղեկացրել էր սիրիական ուղղաթիռի խախտման մասին նախքան այն հարվածելու վերաբերյալ որոշումն ընդունելը, Էրդողանը պատասխանել է, որ զինված ուժերի հրամանատարությանը կարգադրվել է հետևել ուժի կիրառման կանոններին:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ասել էր, որ բանակը դիմել է «պատժիչ միջոցի», որն արդարացված է և՛ միջազգային իրավունքի, և՛ ուժի կիրառման կանոնների տեսանկյունից:

Նույն օրը՝ սեպտեմբերի 17-ին, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Պսակին հայտարարել է, որ Թուրքիան գործել է «բացարձակապես թափանցիկ» Սիրիայի դեմ ռազմական այդ գործողության ժամանակ: Խոսնակը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն միջադեպից հետո սերտ կապ է պահպանում թուրք պաշտոնյաների հետ:

«Թուրքիան մեր բարեկամն է և ՆԱՏՕ-ի անդամ-պետություն, ուստի մենք պաշտպանում ենք նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», – ասել է Պսակին:

Մեկնաբանել