Կալանավորվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 34-268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում են ՀՔԾ մամուլի ծառայությունից, նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. հուլիսի 17-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի տեսուչ Ա.Պ.-ի կողմից նույն հիմնարկի կալանավոր Ա.Ո.-ի անվամբ ներկայացված հանձնուքի զննությամբ «Մայրաքաղաքային» տեսակի աղցանի մեջ հայտնաբերվել է 2 հատ 0.3 գրամ քաշով օվալաձև դեղահատի և 2 հատ 0.2 գրամ քաշով նմանատիպ դեղահատի կտորներ, որոնք իրենց մեջ պարունակում են զգալի չափերի հասնող «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի տեսուչ Ա.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: