Թուրքիայի ապագան Եվրոպայում է. Ֆինլանդիայի ԱԳՆ

Թուրքիան՝ որպես ԵՄ թեկնածու պետություն, պետք է ձգտի ժողովրդավարական բարձր չափանիշների, այդ թվում՝ մամուլի ազատության, ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյան՝ Թուրքիա իր այցի նախօրեին Hürriyet Daily News-ի հետ հարցազրույցում: Տուոմիոյան, մասնավորապես, անդրադարձել է Թուրքիայում մամուլի ազատության վիճակին, որը վերջին ժամանակներում սկսել է ավելի մտահոգել Եվրամիությանը: Հարցազրույցը թարգմանաբար և որոշ կրճատումներով ներկայացված է ստորև:

– Ավելի քան 50 տարի է՝ Թուրքիան ԵՄ հետ սկսել է միությանն անդամակցելու շուրջ բանակցությունները: Ինչպիսի՞ն է Ֆինլանդիայի դիրքորոշումը Թուրքիայի անդամակցության գործընթացի հարցում:

Ֆինլանդիան մշտապես հանդես է եկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության օգտին: Թուրքիայի ապագան Եվրոպայում է, և Ֆինլանդիան ակնկալում է հետագա առաջընթաց անդամակցության բանակցություններում: Թուրքիան առանցքային դեր է խաղում տարածաշրջանում և առհասարակ աշխարհում, և նրա անդամակցությունը միությանը մեծ ներդրում կլինի Եվրոպայում կայունությանն ու բարգավաճմանը: Մենք բանակցությունները դիտարկում ենք որպես փոխշահավետ գործընթաց:

Թուրքիան ունի տնտեսական մեծ ներուժ: Եվրոպան ներկայում տնտեսական խնդիրներ ունի և Թուրքիայի հետ առևտուրը երկու կողմերի համար բացում է բիզնեսի և ներդրումների հեռանկար: ԵՄ-ն Թուրքիայում ներդրումների գլխավոր աղբյուրն է:

– Թուրքիան հաճախ մեղադրում է ԵՄ-ին իր անդամակցության հարցում երկակի չափանիշներ կիրառելու մեջ: Ինչպիսի՞ն է Ֆինլանդիայի դիրքորոշումը Կիպրոսի կառավարության՝ Թուրքիայի անդամակցության գործընթացն արգելակելու հարցում:

Ճիշտ է, որ ոչ բոլոր ԵՄ երկրներն են Թուրքիային արդարացիորեն վերաբերվում: Կիպրոսի հարցը հիմնարար է: Բոլորի շահերից է բխում Կիպրոսի հարցի լուծումը, քանի դեռ ստատուս քվոն չի դարձել մշտական և հարատև: Ներկայիս իրադրության մեջ կարևոր է, որ բոլոր ներգարվված կողմերը ցուցաբերեն քաղաքական կամք և փոխզիջման պատրաստակամություն:

Վերջերս աճել է մտահոգությունը Թուրքիայում ինքնաարտահայտման ազատության վիճակի կապակցությամբ, երբ տասնյակ լրագրողներ հետապնդվում են իրենց քննադատական տեսակետերի համար: Ինչպե՞ս է Ֆինլանդիան գնահատում այդ միտումները:

Ինքնաարտահայտման ազատության և խաղաղ հավաքների իրավունքներն ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում: Թուրքիան, որպես ԵՄ թեկնածու երկիր, պետք է ձգտի ժողովրդավարական բարձր չափանիշների, այդ թվում՝ մամուլի ազատությանը: Այս հարցերը մշտապես առանցքային են թեկնածու երկրների հետ բանակցություններում:

– Թուրքական կառավարությունը խստորեն դատապարտվել է Գեզի զբոսայգում ցույցերի ժամանակ ակտիվիստների դեմ անվտանգության ուժերի կիրառած անհամաչափ գործողությունների համար: Արդյոք հեռուստատեսությամբ ցուցադրված այդ դեպքերը վայե՞լ են ԵՄ-ին ձգտող երկրին:

Վերջին ցույցերի հարցը կարևոր է Թուրքիայի համար: Ակնկալում ենք, որ ոստիկանության կողմից անհամաչափ արձագանքի բոլոր դեպքերը կհետաքննվեն թափանցիկ կերպով, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Եվրոպական արժեքներին Թուրքիայի հակվածությունը կենսական դեր է խաղում անդամակցության գործընթացում:

Մեկնաբանել