Կստեղծվեն ՀԱՊԿ միացյալ ավիացիոն ուժեր

ՀԱՊԿ-ի գագաթաժողովի մասնակիցները, 2012թ․ դեկտեմբեր, Մոսկվա

Սեպտեմբերի 23-ին Սոչիում նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Այս կապակցությամբ սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշել է. «Սեպտեմբերի 23-ին Սոչիում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի և կանոնադրական մարմինների հերթական նիստը և, կարծում եմ, որ այդ նիստը հետաքրքիր է հենց ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ամրացման տեսանկյունից, որովհետև նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում, ինչպես նաև ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծում: ՀԱՊԿ-ի շրջանակում միացյալ ավիացիոն ուժերի ստեղծումը մեր երկրի անվտանգության համար ունի շատ կարևոր նշանակություն:

Երկրորդ կարևորագույն հարցը, որ այսօր առաջարկում եմ քննարկել, վերաբերում է հոկտեմբերի 1-4-ը Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին: Կարծում եմ, սա շատ լավ հնարավորություն է վերլուծելու առկա խնդիրները և նաև նախանշել նոր ուղղություններ ռազմատնտեսական համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում խորացնելու համար:

Եվ երրորդը` հոկտեմբերի 1-4-ը կայանալիք «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության անցկացումն է Երևանում, որի միջազգային համակարգող շտաբը տեղակայված է մեր երկրում: Այստեղ նույնպես մենք պետք է քննարկենք ինչ խնդիրներ կա այդ միջոցառումը պատշաճ իրականացնելու համար»:

Նիստի ընթացքում ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների կողմից ՀԱՊԿ շրջանակում իրականացված և առաջիկայում նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ի դեպ` Սոչիում ՀԱՊԿ-ի նախագահությունը Ղրղըզստանից անցնելու է Ռուսաստանին՝ կազմակերպության անդամ երկրների ռոտացիոն կարգով:

ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:

Մեկնաբանել