Գործարար ակտիվությունը դանդաղում է

Շինարարության ոլորտում Կենտրոնական բանկը երկրորդ եռամսյակում, առաջինի համեմատ, արձանագրել է գործարար միջավայրի ցուցանիշի վատթարացում։

Կենտրոնական բանկը ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արձանագրել է գործարար ակտիվության և գործարար միջավայրի ցուցանիշների որոշակի վատթարացում, ինչը համահունչ է Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող մակրոտնտեսական տվյալներին։

Կենտրոնական բանկը կազմակերպությունների շրջանում անցկացված հարցումների հիման 0-100 բալանոց սանդղակով 2013թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում գործարար ակտիվության ցուցանիշ է հաշվարկել 58,2-ը։ Ցուցանիշը բարձր է կայունության միջակայքից։

Ըստ ԿԲ-ի մեթոդաբանության՝ 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը՝ աճ, 50 արժեքը՝ կայուն վիճակ (որպես կայուն մակարդակ ընդունվում է արժեքի տատանումը 45-55 միջակայքում)։

Թեև գործարար ակտիվության ցուցանիշը գտնվել է աճի միջակայքում, այն 2012թ. երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է 2,3 կետով, այս տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ 1,5 կետով։ Սա խոսում է գործարար ակտիվության տեմպի նվազման մասին։

Գործարար ակտիվության փաստացի արժեքը հաշվարկվել է թողարկման ծավալների ընթացիկ, իսկ սպասման արժեքը՝ գալիք եռամսյակում թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների սեզոնային հարթեցված պատասխանների հիման վրա։

Տնտեսական ակտիվության տեմպի դանդաղում արձանագրել է նաև Ազգային վիճակագրական ծառայությունը։ Ըստ պաշտոնական վիճակագրության, եթե առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 8,7%, ապա առաջին կիսամյակում այն արդեն 4,4% էր։

Ինչ վերաբերվում է գործարար միջավայրին, ապա ըստ ԿԲ-ի՝ ցուցանիշը կազմել է 53,7։ Սա խոսում է բիզնեսի կայուն տրամադրվածության մասին։

Գործարար միջավայրի փաստացի արժեքը հաշվարկվել է ընկերության տնտեսական վիճակը ընթացիկ, իսկ սպասման արժեքը՝ գալիք եռամսյակում ընկերության տնտեսական վիճակի վերաբերյալ կազմակերպությունների սպասումների սեզոնային հարթեցված պատասխանների հիման վրա։

Գործարար միջավայրի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է արդյունաբերության ոլորտում (55,9), ինչը բարձր է կայունության միջակայքից: Կայուն միջակայքից բարձր ցուցանիշ է արձանագրվել նաև առևտրի ոլորտում (55,4)։

Մյուս կողմից՝ ծառայությունների և շինարարության ոլորտում, թեև տարեկան կտրվածքով տեղի է ունեցել ցուցանիշի բարելավում, երկրորդ եռամսյակում, առաջինի համեմատ արձանագրվել է ցուցանիշի վատթարացում։ Դրանք ամրապնդվել են համապատասխանաբար՝ 50 և 53,5 միջակայքում:

Մեկնաբանել