Բեռլինի բեռի տակ

Oգոստոսին լուրեր տարածվեցին, որ ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը կարող է նշանակվել Գերմանիայում Հայաստանի դեսպան: Ավելի ուշ մի շարք դաշնակցականներ հաստատեցին, որ Սերժ Սարգսյանը Վահան Հովհաննիսյանին նման առաջարկություն արել է: Վահան Հովհաննիսյանն ինքը հաստատեց, որ ստացել է նման առաջարկ և ընդունել այն: Նա նշեց նաև, որ կուսակցությունը ևս տվել է իր համաձայնությունն այդ հարցի վերաբերյալ:

Այդ քայլով Հովհաննիսյանը փաստացի միանում է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության ծրագրին: Վահան Հովհաննիսյանի որոշումը նորմալ կդիտվեր, եթե ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանը նախաձեռնած չլիներ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումը, որին դեմ էր Դաշնակցությունը:

Վահան Հովհաննիսյանն իր ելույթներից մեկում նշել էր, թե Սերժ Սարգսյանը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնարարել էր Թուրքիայի հետ կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների, սակայն Նալբանդյանն ի վերջո ստորագրել էր մի փաստաթուղթ, որտեղ, այնուամենայնիվ, նախապայմաններ կային: Նա նաև ասել էր, որ հանձնարարությունը ձախողելու համար Նալբանդյանը պետք է հրաժարական տա:

Փաստորեն, Վահան Հովհաննիսյանը հիմա աշխատելու է մի նախարարի անմիջական ղեկավարության ներքո, որի հրաժարականը ժամանակին պահանջում էր: Նա նաև որպես դաշնակցական միանում է Սերժ Սարգսյանի թիմին, որը Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններ է վարում Մադրիդյան սկզբունքների շուրջ: Ժամանակին Վահան Հովհաննիսյանը դեմ էր արտահայտվել նաև Մադրիդյան սկզբունքներին և նշել, որ ՀՅԴ-ի համար այդ սկզբունքներն անընդունելի են: Փաստացի նա միանում է «Աղդամը մեր հայրենիքը չէ» հայտարարությանը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը հայտարարել է, որ եթե իրենք կուսակից դեսպաններ ունենան, չի նշանակում, որ դադարելու են ընդդիմություն լինել: Կիրո Մանոյանը հավանաբար չի հիշում, որ Սերժ Սարգսյանը վերջերս բառացիորեն ասել էր. «Բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են իշխանության մեջ և ցանկանում են քննադատել իրենց վերադասներին, պարտավոր են դիմում գրել, ներկայացնել հրաժարական, այնուհետեւ գնալ, քշտել թևքերն ու անխնա քննադատել բոլորին»:

Միանշանակ է, որ նոր պայմաններում Սերժ Սարգսյանն է լինելու խաղի կանոններ թելադրողը, իսկ Վահան Հովհաննիսյանը լինելու է դրանց հետևողը: Ըստ այդմ, ՀՅԴ գործիչների՝ ընդդիմադիր մնալու մասին պնդումներն որևէ հիմք չունեն:

Մայիսին Վահան Հովհաննիսյանն Ազգային ժողովի քննարկումների ժամանակ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցնում էր, թե քանի ձայն կհավաքեին, եթե նրանք ընտրություններին մասնակցեին առանձին, ու նրանց չպաշտպանեին երկրի նախագահը, Հովիկ Արգամիչը, դատախազը, ոստիկանապետը: Հետո էլ ավելացրեց, որ առանց վերը նշվածների աջակցության վերջիններիս այնքան կծեծեին դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չէին անցնի, այլև ստիպված կլինեին արտագաղթել: Ազգային ժողովի վերջին ընտրություններում Դաշնակցությունը չի ստացել վերը նշվածների աջակցությունը. միգուցե այդ պատճառով է, որ այժմ խորհրդարանում ներկայացված է ընդամենը հինգ պատգամավորով:

Զարմանալի և ցավալի է, որ Հայաստանի ավանդական ազգային կուսակցությունը իրեն դնում է ինքնաոչնչացման այն նույն ճանապարհի վրա, որով գնացին Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունն» ու Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիրն» ու մի շարք այլ գործիչներ:

Մեկնաբանել