Pirelli-ն քննարկել է «Նաիրիտի» հետ համագործակցության հարցեր

«Նաիրիտի» վերագործարկման հեռանկարն անորոշ է անգամ Pirelli-ի մասնագետների այցից հետո։

«Նաիրիտ գործարան» քիմիական ընկերությունում հաստատեցին, որ իտալական Pirelli ընկերության մասնագետներն անցած շաբաթ այցելել են գործարան։ Pirelli-ին, ի դեպ, անվադողերի արտադրության 5-րդ խոշորագույն ընկերությունն է աշխարհում։

«Նաիրիտ գործարանի» հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի ծառայությունից ՍիվիլՆեթին ասացին, որ Pirelli-ի մասնագետների այցը աշխատանքային և ճանաչողական է եղել։ Քննարկվել են գործարանում ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև համագործակցության հավանական ուղղությունները:

Նշենք, որ «Նաիրիտ գործարան» Pirelli-ի մասնագետների հնարավոր այցի մասին սեպտեմբերի 3-ին «Նաիրիտ գործարանի» գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանի հետ հանդիպմանը հայտարարել էր ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության վարչության նախագահ Իգոր Սեչինը։ Սեչինը նշել էր, որ «Ռոսնեֆտն» իր գործընկեր Pirelli ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել «հնարավոր համագործակցության ուղղությունների որոշման և գնահատման նպատակով «Նաիրիտ» այցելելու մասին»։

«Նաիրիտի» լրատվական ծառայությունում, պատասխանելով հարցին, թե կա՞ն արդյոք նախնական գնահատականներ, ու երբ կամփոփվի բրիտանական Jacobs Consultancy Ltd-ի կողմից բուտադիենային տեխնոլոգիայով կաուչուկի արտադրության տեխնոլոգիական և բնապահպանական աուդիտի արդյունքները, նշեցին, որ աուդիտի արդյունքները դեռևս հայտնի չեն: (Աուդիտի անցկացումը դեռ 2011թ. պատվիրել էր ռուսական նավթագազային «Իտեռա գրուպը», որը հետաքրքրություն էր ցուցաբերել ստանձնելու «Նաիրիտի» կառավարումը։)

Գործարանում չունեն նաև գնահատականներ, թե գործարանի արդիականացման ծրագրում «Ռոսնեֆտի» ներգրավումից հետո որքան ժամանակ անց «Նաիրիտը» կվերագործարկվի և կսկսի արտադրանքի թողարկումը։