ԿԸՀ-ն հերքում է Տ. Մուկուչյանի` Վճռաբեկի նախագահի պաշտոնում հնարավոր նշանակման լուրը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը հերքում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին Վճռաբեկ դատարանի նախագահ նշանակելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը: Ինչպես ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց ԿԸՀ խոսնակը, համանման լուրերը «բամբասանք են և չեն համապատասխանում իրականությանը»:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` դա­տական համակարգում «հիասթափության և վախի մթնոլորտ է», և դատավորները դժգոհում են Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանից, քանի որ վերջինս չի կարողանում վերահսկել իրավիճակը համակարգում: Շրջանառվում է Մկրտումյանի հնարավոր պաշտոնանկության և այս պաշտոնում արդեն նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի և Տիգրան Մուկուչյանի հնարավոր նշանակումը:

Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանն էլ ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ չի մեկնաբանում «հնարավոր լուրերն ու գուշակությունները»:

«Շուրջ 4-5 տարի է` պարբերաբար այսպիսի խոսակցություններ են տարածվում, իսկ հնարավոր-ով տեղեկությունները ես չեմ կարող մեկնաբանել»,- ասաց Արսեն Բաբայանը:

Մեկնաբանել