Դատավորին ներկայացվեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիրը

Վերաքննիչ քրեական դատարանում սեպտեմբերի 18-ին շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների գործով բողոքի քննությունը: Հայ ազգային կոնգրես ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատավոր Եվա Դարբինյանին ներկայացրեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորագրով փոխարինելու միջնորդությունը:

Անձնական երաշխավորագիրն արդեն ստորագրել են 100-ից ավելի քաղաքական գործիչներ, պետական այրեր, արվեստագետներ, պատգամավորներ, ակտիվ քաղաքացիներ:

Երաշխավորագրի գաղափարն առաջարկել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Դրա համաձայն` այն բոլոր մարդիկ, որոնք ստորագրել են դիմումը, երաշխավորում են, որ ազատ արձակվելու դեպքում` Տիգրան Առաքելյանը կցուցաբերի պատշաճ վարքագիծ, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով կներկայանա և այլ դատավարական պարտականությունները կկատարի:

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, սեպտեմբերի 18-ի դատական նիստին պետք է ներկայանար երկու վկա, սակայն երկուսն էլ չէին ներկայացել, քանի որ նրանց հետ նախապես չէր հաջողվել կապ հաստատել:

Ի դեպ` Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները ևս հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են անում ազատ արձակել Տիգրան Առաքելյանին, ինչպես նաև վերացնել նույն գործով անցնող ակտիվիստների ազատազրկման սպառնալիքը:

Վերաքննիչ քրեական դատարանում օգոստոսի 5-ից սկսվել է ՀԱԿ ակտիվիստների գործով բողոքի քննությունը:

Մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանը` քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, որոշել էր ՀԱԿ ակտիվիստների փաստաբանների բողոքը բավարարել մասնակի, բեկանել վերաքննիչ դատարանի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2012թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀԱԿ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման ոստիկանների հետ վիճաբանության պատճառով:

2012թ. նոյեմբերի 13-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել էր ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին առաջին ատյանի դատավճիռը բեկանելու դիմումը: