Երևանի քաղաքապետարանն ու «ԱրմենՏելը» կհամագործակցեն

Երևանի քաղաքապետարանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք հաջողված նախագծեր ունի, որոնք իրականացվել են մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում. այս մասին նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ հանդիպմանը:

«Մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի և նախագծերի իրականացումը։ Այսօր լուրջ բարեփոխումներ ենք իրականացնում քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործման ուղղությամբ, որոնք նպատակ ունեն ապահովել բոլոր ոլորտների համաչափ զարգացումն ու բարելավել ներդրումային միջավայրը: Եվ այս համատեքստում մենք պատրաստ ենք համագործակցել նաև «ԱրմենՏել» ընկերության հետ ինչպես քաղաքային կառավարման, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում»,- ասել է քաղաքապետը:

Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Անդրեյ Պյատախինն էլ նկատել է, որ իրենց ընկերությունը պատրաստակամ է ներգրավվել քաղաքապետարանի հետ համատեղ ծրագրերի իրականացման գործում:

«Մենք ևս ուրախ կլինենք ի դեմս Երևանի քաղաքապետարանի ունենալ վստահելի գործընկեր ու մեր լուման ներդնել Երևանի զարգացման գործում: Հուսով եմ, որ առաջիկայում մեր համագործակցությունն առավել գործնական դաշտ կթևակոխի»,- ասել է «ԱրմենՏելի» տնօրենը:

Մեկնաբանել