KfW-ի պատվիրակությունը Հայաստանում է` գնահատելու համատեղ ծրագրերի ընթացքը

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, Գերմանական զարգացման բանկի (KfW) և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների պատվիրակությանը սեպտեմբերի 18-ին ընդունել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Ինչպես հաղորդում են ՏԿՆ մամուլի ծառայությունից, պատվիրակությունը Հայաստան է ժամանել` գնահատելու գերմանական կողմի աջակցությամբ իրականացված ծրագրերի ընթացքը, շահագրգիռ կառույցների հետ քննարկելու համագործակցության նոր ծրագրի առաջնահերթությունները:

«Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվում են մի շարք հաջողված ծրագրեր: Կառանձնացնեի մարզերում ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման ծրագրերը, որոնք միտված են նոր որակի համայնքների ձևավորմանը»,- ասել է Արմեն Գևորգյանը` բարձր գնահատելով Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:

Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել, որ KfW-ն պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել կոշտ կենցաղային աղբի վերամշակման, կառավարման համակարգում իրականացված աշխատանքների և ջրօպերատոր ընկերությունների սպասարկման տարածքից դուրս գտնվող ավելի քան 500 համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարման բարելավման հարցերում: Նա նաև արդյունավետ է համարել GIZ-ի աջակցությամբ իրականացվող «Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում» և «Հողերի էրոզիայի վերահսկողության ինտեգրացված միջոցառումներ Հարավային Կովկասում» ծրագրերը:

Արմեն Գևորգյանը և գերմանական պատվիրակության ներկայացուցիչները փոխադարձ գոհունակություն են հայտնել ծրագրերի ընթացքից:

KfW-ն ֆինանսական տարբեր ծրագրերով Հայաստանի հետ համագործակցում է 1995-ից, իսկ բանկի ներկայացուցչությունը Հայաստանում գործում է 1998-ից: Մինչ օրս KfW-ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է €250 մլն:

Մեկնաբանել