Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը Բելառուսում է

Սեպտեմբերի 16-ին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն:

Ինչպես հաղորդում են ԿԳՆ մամուլի ծառայությունից, այցի ընթացքում տեղի է ունեցել Արմեն Աշոտյանի և Բելառուսի ԿԳ նախարար Սերգեյ Մասկևիչի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների բուհերի համագործակցության, հանրակրթական փոխանակման ծրագրերի և դրանց իրականացման, ինչպես նաև կրթության միջազգայնացման, համատեղ գիտական գործունեության հարցեր:

Արմեն Աշոտյանը, մատնանշելով տարբեր օլիմպիադաներում բելառուս աշակերտների ցուցաբերած բարձր արդյունքները, նշել է, որ Հայաստանին հետաքրքրում է Բելառուսում իրականացվող ուսուցման մեթոդիկան, ինչպես նաև նոր ծրագրերի ներդրումը:

«Նախատեսվում է, որ մի քանի տարի հետո Հայաստանի ԿԳ նախարարությունը կառաջարկի հանրակրթության նոր հայեցակարգ, և այդ ոլորտում Բելառուսի փորձը չափազանց օգտակար է մեզ համար»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Սերգեյ Մասկևիչն էլ իր հերթին նշել է, որ երկու երկրների համագործակցությունն իրականացվում է ԱՊՀ անդամ երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Վերջինիս խոսքով` այս պահին գործում է 16 միջբուհական համաձայնագիր: Նա նշել է նաև, որ Բոլոնիայի գործընթացի մասնակից Հայաստանի փորձն օգտակար կլինի ոչ միայն գերատեսչության ղեկավարության, այլև բուհերի ղեկավարության համար:

Նախարարների հանդիպումից հետո կայացել է նրանց համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ձեռքբերված պայմանավորվածություններին, մասնավորապես, նշվել է, որ երկու երկրները հայտարարում են մրցույթ` բուհական լավագույն նախագծի համար, որին մասնակցելու համար բուհերը պետք է համապատասխան հայտ ներկայացնեն մինչև հոկտեմբերի 25-ը: Նախարարները տեղեկացրել են նաև, որ հանդիպման ընթացքում քննարվել է նաև կրկնակի դիպլոմների տրամադրման հնարավորությունը:

Արմեն Աշոտյանը լրագրողներին է ներկայացրել Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի վերջին զարգացումները և գերակայությունները: Այցի ընթացքում Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բելառուսի պետական համալսարան և դասախոսություն կարդացել բուհի իրավաբանական և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների համար:

Պատվիրակությունն այցելել է նաև Նեսվիժ քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություն, ինչպես նաև ծանոթացել Նեսվիժի գիմնազիայի աշխատանքներին:

Այցի ավարտը նախատեսված է սեպտեմբերի 18-ին:

Մեկնաբանել