Սերժ Սարգսյանը ցավակցել է Բարաք Օբամային

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

«Մեծարգո պարոն նախագահ, խորապես ցնցված եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության լուրից: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը մեկ տասնյակից ավելի անմեղ մարդկանց կյանք խլեց` նրանց հարազատների, մերձավորների և ականատեսների կյանքում թողնելով անբուժելի վերք:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում։

Վաշինգտոնում` ԱՄՆ ռազմածովային ուժերի շենքում, սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը 13 է: Հրաձգությունը սկսվել էր տեղի ժամանակով 08:20-ին: Հարձակումն իրականացրած 34-ամյա Աարոն Ալեքսիսը սպանվել էր դեպքի վայր ժամանած ոստիկանության հետ հրաձգության հետևանքով: Նրա արարքի դրդապատճառները պարզվում են:

Բարաք Օբաման սեպտեմբերի 17-ին կարգադրել է իջեցնել պետական դրոշները մինչև սեպտեմբերի 20-ը՝ հարգելու  հրաձգության զոհերի հիշատակը: