Սյունիքն ու Վայոց ձորը կհամագործակցեն Բելառուսի մարզերի հետ

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի պատվիրակությանը` նահանգապետ Բորիս Բատուրայի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում են տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից, պատվիրակությունը Հայաստանում է` Սյունիքի և Վայոց ձորի մարզերի հետ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով, և անցած օրերին հանդիպումներ է ունեցել մարզային իշխանությունների հետ, ծանոթացել գործակցության ներուժին:

Արմեն Գևորգյանը ողջունել է համագործակցության նախաձեռնությունը` նշելով, որ ՀՀ կառավարությունը խրախուսում է ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունների խորացումը և գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի հետ ավանդական բարեկամական կապեր ունեցող Բելառուսի մարզերի հետ համագործակցությունը զարգանում է:
Փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ներուժի, տեղերում իրականացվող մեծածավալ ծրագրերի մասին` նկատելով, որ երկու մարզերը հարուստ են նաև պատմամշակութային ժառանգությամբ և զբոսաշրջային մեծ հնարավորություններ ունեն:

Հյուրերը տեղեկացրել են, որ արդեն նախանշվել են համագործակցության որոշ նախագծեր, որոնք կարող են հաջողությամբ կյանքի կոչվել: Նրանք իրենց հայ գործընկերներին նույնպես հրավիրել են Բելառուս` համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները քննարկելու համար: Կողմերը հեռանկարային են համարում գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությունը:

Մեկնաբանել