Վարչապետն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են նոր ծրագիրը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցությունը և այդ համատեքստում քննարկել են երկկողմ նոր ծրագրին առնչվող հարցեր:

Անդրադառնալով նախորդ ծրագրի արդյունքներին՝ Մարկ Հորթոնն ընդգծել է դրա շրջանակում Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացված մի շարք բարեփոխումների փաստը:

Իր հերթին, վարչապետ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները հաստատակամ են շարունակելու տարբեր ինստիտուտների զարգացման ծրագրերը:

Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:

ԱՄՀ տնօրենների խորհուրդը 2010թ. հունիսին հաստատել է եռամյա «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» $403,8 մլն արժողությամբ ծրագրերը: Առ այսօր Հայաստանը ստացել է $324,4 մլն:

Մեկնաբանել