Իրանն ազատ է արձակում քաղբանտարկյալներին

Իրանում 11 քաղբանտարկյալ է ազատ արձակվել: Ինչպես հաղորդում է BBC-ն, նրանցից ութը կանայք են:

Ազատ արձակված կին քաղբանտարկյալներից առավել հայտնի է փաստաբան Նասրին Սոտուդեն, որն անցյալ տարի դարձել էր Սախարովի անվան «Հանուն ազատախոհության» մրցանակի դափնեկիր կինոռեժիսոր Ջաֆար Փանահիի հետ միասին: Սոտուդեի ամուսինը հաստատել է կնոջ ազատ արձակման մասին տեղեկատվությունը:

Նասրին Սոտուդեն դատապարտված էր վեց տարի ազատազրկման որպես մարդ, որ սպառնալիք է ներկայացնում Իրանի ազգային անվտանգությանը:

Նշենք, որ Իրանի նոր նախագահ Հասան Ռոհանին իր նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

Մի քանի օրից Ռոհանին մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ սեպտեմբերի 17-ին բացված 68-րդ նստաշրջանին:

Մեկնաբանել