Ադրբեջանցի լրագրող Հաշիմլին կալանքի տակ կմնա

Ադրբեջանցի անկախ լրագրող Փարվիզ Հաշիմլին, որը սեպտեմբերի 17-ին ձերբակալվել էր, պետք է երկու ամիս անցկացնի նախնական կալանքի տակ, վճռել է Բաքվի դատարանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Փարվիզ Հաշիմլին աշխատում էր որպես moderator.az կայքի (որը լուսաբանում է ինչպես Ադրբեջանի իշխանությունների, այնպես էլ ընդդիմության գործունեությունը) լուրերի բաժնի տնօրեն: Բացի լրագրությունից՝ նա զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ, մասնավորապես՝ «Քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական միավորման ղեկավարն է:

Լրագրողի ձերբակալությունը իրականացվել է Ադրբեջանում նախագահական ընտրություններից երեք շաբաթ առաջ:

Հաշիմլին մեղադրվում է ապօրինի ատրճանակ պահելու մեջ: Նրա փաստաբանը հայտարարում է, որ իր հաճախորդը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները և վստահ է, որ ձերբակալությունը կապված է իր լրագրողական գործունեության հետ:

Moderator.az կայքում հաղորդվում է, որ անվտանգության ծառայությունների աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Հաշիմլիի տանը և աշխատավայրում, ապա առգրավել են համակարգիչներն ու նրա անձնական ձայնագրությունները:

Մեկնաբանել