Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստացել է, որ իր երկիրը երբեք չի արտադրի միջուկային զենք, հաղորդում է BBC-ն:
Սեպտեմբերի 15-ին Բարաք Օբաման հայտարարել էր, որ ինքն ու Իրանի նախագահը նամակներ են փոխանակել: Օբամայի խոսքով՝ ԱՄՆ ցանկանում է օգտագործել Թեհրանի պոտենցիալը Սիրիայում իրավիճակի կայունացման համար: Guardian-ի հաղորդմամբ՝ նամակագրությունը տեղի էր ունեցել սեպտեմբերի սկզբին:
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ Իրանում ազատ է արձակվել 11 քաղբանտարկյալ: Բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը Ռոհանիի նախընտրական խոստումներից մեկն էր: Ազատ արձակված կին քաղբանտարկյալներից առավել հայտնի է փաստաբան Նասրին Սոտուդեն, որն անցյալ տարի դարձել էր Սախարովի անվան «Հանուն ազատախոհության» մրցանակի դափնեկիր՝ կինոռեժիսոր Ջաֆար Փանահիի հետ միասին: Սոտուդեի ամուսինը հաստատել է կնոջ ազատ արձակման մասին տեղեկատվությունը:
BBC-ի իրանական թղթակից Ջեյմս Ռեյնոլդսի փոխանցմամբ՝ Ռոհանիի՝ ամերիկյան խոշոր հեռարձակողին հարցազրույց տալու վերաբերյալ որոշումը վկայում է այն մասին, թե որքան է նրա կառավարությունը կարևորում երկխոսությունը Վաշինգտոնի հետ: