Մաքսային միություն. խոսքից` գործի

Կառավարությունը սկսեց գործնական քայլեր իրականացնել Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ։ Սեպտեմբերի 19-ին կառավարության նիստին հավանության արժանացավ էկոնոմիկայի նախարարության մշակած «Մաքսային միությանը Հայաստանի միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ» որոշումը։

Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի խոսքով` ընդունված որոշման նպատակն է իրականացնել Մաքսային միությանը միանալու բանակցային փաթեթի նախապատրաստական աշխատանքները: Դրանք, ըստ Մինասյանի, պետք է իրականացնեն վարչապետի` սեպտեմբերի 18-ի հանձնարարականով ստեղծված 7 աշխատանքային խմբերը:

Ըստ փաստաթղթի՝ նախատեսվում է Մաքսային միությանը միացման համար անհրաժեշտ Մաքսային միության շրջանակում գործող փաստաթղթերի, Հայաստանի համապատասխան իրավական դաշտի և Հայաստանի կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի համադրում, համապատասխան բանակցային առաջարկությունների նախապատրաստում և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում:

Մասնավորապես` նախատեսվում է Մաքսային միությանը միացման համար անհրաժեշտ Մաքսային միության շրջանակում գործող փաստաթղթերի, ինչպես նաև Հայաստանի համապատասխան իրավական դաշտի միջազգային պայմանագրերի գույքագրում ըստ ոլորտների, ԱՀԿ-ի շրջանակում կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված` Մաքսային միության անդամակցությունից բխող խնդիրների ուսումնասիրություն` ըստ ոլորտներ։ Մինչև սեպտեմբերի 30-ը նաև անհրաժեշտ է նախապատրաստել Մաքսային միությանը Հայաստանի միանալու հետ կապված ներմուծման մաքսատուրքերի (և համանման ազդեցություն ունեցող այլ տուրքերի, հարկերի և գանձումների) հաշվառման, բաշխման և վճարման բանակցային առաջարկություններ։

Ընդհանուր առմամբ` որոշմամբ ամրագրված բոլոր միջոցառումների իրականացման վերջնաժամկետ է սահմանվում դեկտեմբերի 15-ը։

Ի դեպ, կառավարության նիստին վերոնշյալ որոշման ներկայացմանը Կարինե Մինասյանն ասաց, որ անցած տարի` Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է քննարկեր Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության հարցերը: Դեկտեմբերի վերջին վարչապետի հանձնարականով ստեղծվել էր աշխատանքային խումբ, և կազմակերպվել էին քննարկումներ ու հանդիպումներ: 

Լուսանկարը` Ֆոտոլուրի