Թուրք ոստիկանների նկատմամբ «անհամաչափ ուժ կիրառելու համար» հետաքննություն է սկսվել

Թուրքիայի Անվտանգության գլխավոր վարչությունը 164 թուրք ոստիկանի վերաբերյալ հետաքննություն է սկսել, հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթը:

Թուրք ոստիկանները մեղադրվում են Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակին հարող Գեզի այգում ցուցարարների նկատմամբ «անհամաչափ ուժ կիրառելու մեջ»: Ոստիկանների մեծամասնությունը Ստամբուլից, Անկարայից, Իզմիրից կամ Հաթայից է:

Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ մահացած կամ վիրավորված ցուցարարների ընտանիքները դատական հայց են ներկայացրել ոստիկանների դեմ:

Թուրքական Haberturk-ը գրում է, որ Թուրքիայի Անվտանգության գլխավոր վարչությունը ուսումնասիրել է նաև սոցցանցերում տեղադրված այն լուսանկարներն ու տեսանյութերը, որտեղ ոստիկանները բռնություն են գործադրում ցուցարարների նկատմամբ:

2013թ. մայիսի վերջին Ստամբուլում բռնկվեց և արագորեն Թուրքիայի շատ քաղաքներում տարածվեց բողքի ցույցերի ալիք: Փողոց դուրս եկած քաղաքացիները պահանջում էին չհատել Գեզի զբոսայգու ծառերը և կանգնեցնել շինարարությունը: Բոլոր վայրերում թուրքական ոստիկանությունը կոշտ միջոցների է դիմել՝ փորձելով արագորեն ցրել ցույցերը և կանխել դրանց հետագա տարածումը: Ցույցերի ժամանակ ոստիկանության կիրառած արցունքաբեր գազը 6 ցուցարարի մահվան պատճառ է դարձել:

Մեկնաբանել