25 մլն դրամ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից` Ուռուցքաբանության ազգային կենտրոնին

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հատկացրել է 25 մլն դրամ` Ուռուցքաբանության ազգային կենտրոնը գերժամանակակից սարքավորումներով համալրելու համար, հաղորդում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունից:

«Մենք այստեղ ենք, որովհետև անտարբեր չենք: Կարեկցանքից և բարի խոսքերից բացի, անհրաժեշտ են նաև կոնկրետ քայլեր: Մենք պետք է միավորվենք քաղցկեղի դեմ պայքարում և անենք ամեն ինչ, որպեսզի հիվանդներն անհրաժեշտ որակյալ բուժօգնություն ստանան հենց Հայաստանում և ստիպված չլինեն գնալ արտերկիր»,-ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել վերջին սերնդի սարքավորումներ` Draeger Fabius մակնիշի ինհալացիոն անզգայացման սարք, Siemens մակնիշի շարժական ռենտգեն նկարահանման սարք, ինֆուզիոն ներարկչային պոմպեր` դեղորայքի ներերակային ներարկման դոզավորման սարք, մոնիտորներ, բժշկական արտածծիչ սարք, թոքերի արհեստական շնչառության սարք:

ՈՒԱԿ-ում տարեկան բուժվում է ուռուցքային տարատեսակ հիվանդություն ունեցող ավելի քան 10 հազ. հիվանդ: Հանդիսանալով ազգային կենտրոն, հիվանդանոցը սպասարկում է ողջ հանրապետության բնակչությանը: Տարվա կտրվածքով կենտրոնում կատարվում է մոտ 3,2 հազ. վիրահատություն, շուրջ 4,5 հազ. հիվանդ ստանում է հակաուռուցքային քիմիաթերապիա, իսկ շուրջ 1,5 հազ. հիվանդ ստանում է ճառագայթային բուժում: Նոր ձեռքբերված սարքավորումների ներդրումը զգալիորեն կնպաստի չարորակ ուռուցքների վաղաժամ հայտնաբերմանն ու հիվանդների բուժման արդյունքների բարելավմանը:

ՀՀ առողջապահական համակարգին ցուցաբերած շարունակական, անգնահատելի աջակցության, կորպորատիվ պատասխանատվության ոլորտում բազմաթիվ ծրագրերի իրականացման, ինչպես նաև ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ստացել է շնորհակալագիր և պարգևատրվել ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հիշեցնում է, որ առողջապահության համակարգի արդիականացման նպատակով 2007-ից մինչև օրս իրականացրել է մի շարք ծրագրեր:

Մեկնաբանել