Իտալիան շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացմամբ

Սեպտեմբերի 18-ին մեկնարկել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունն Իտալիա, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նույն օրը տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոյի հանդիպումը։ Վերջինս, ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Հռոմ, ասել է, որ Իտալիան շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության առավել զարգացմամբ և պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: 

Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարությունների ղեկավարները շեշտել են բարձրաստիճան փոխայցելությունների, քաղաքական երկխոսության խթանման կարևորությունը, ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման կարևորությունը: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար առկա է համապատասխան իրավապայմանագրային դաշտ և տնտեսական կապերի աշխուժացման միտում:

Երկուստեք կարևորվել է գործարար համաժողովների կազմակերպումը։ Քննարկվել է 2015թ. Միլանում կայանալիք համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Էմմա Բոնինոն անդրադարձել են Հայաստանի և Իտալիայի միջև միջխորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային, կրթական և գիտական բնագավառներում հաստատված համագործակցությանը։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում փոխգործակցությունը։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում մտքեր են փոխանակվել ԵԽ օրակարգային հարցերի շուրջ։

Իր իտալացի գործընկերոջ խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի հանգուցալուծման նպատակով գործադրվող ջանքերի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։

Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպել է Իտալիայի պաշտպանության նախարար Մարիո Մաուրոյի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել պաշտպանական ոլորտում հայ-իտալական համագործակցությանը, անցյալ տարի Երևանում պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված համապատասխան համաձայնագրից բխող պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

Իտալիայի պաշտպանության նախարարը վերահաստատել է իտալական ռազմական ուսումնական հաստատություններում հայ սպաներին վերապատրաստելու իտալական կողմի պատրաստակամությունը։

Բանակցությունների օրակարգում է եղել նաև միջազգային խաղաղապահ գործողություններում հայ-իտալական հնարավոր համագործակցությունը։

Սեպտեմբերի 18-ի երեկոյան տեղի է ունեցել ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված Իտալիայում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությունը:
ՀՀ արտգործնախարարը նշել է, որ հայ-իտալական առնչությունները երկու հազարամյակի պատմություն ունեցող դարավոր կապերի կնիքն են կրում, իսկ Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները՝ ընդամենը 21 տարվա պատմություն ունեն:

«Վերջին երկու տասնամյակի ընթացքում մեզ հաջողվել է նոր որակ հաղորդել երկկողմ համագործակցությանը, որը ներառում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերը, ապակենտրոնացված փոխգործակցությունը, տնտեսական, մշակութային, գիտակրթական և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը։ Առկա է ամուր իրավապայմանագրային դաշտ՝ ստորագրված է 30 համաձայնագիր։ Իտալահայ համայնքն իր ներդրումն է բերում երկկողմ բարեկամության ամրապնդման գործում։ Այն, ինչ արվել է վերջին քսան տարիներին մեր համատեղ ձեռքբերումն է և մենք հաստատակամ ենք շարունակել համատեղ ջանքերը մեր բարեկամական գործընկերությունն առավել ամրապնդելու նպատակով»,– ասել է նա: