Խաղ, որում մենք չկանք

Մաքսային միությանը միանալու որոշման մասին Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը «հետխորհրդային պոստտրավմատիկ շոկ» էր շատերի համար (բնորոշումը շրջապատում կատակով հուշեցին)։ Անգամ Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի համար էր այն «շոկ», որ Սարգսյանի հայտարարությունից հետո իրենք նույն վիճակում էին, ինչ հայաստանցիները, չնայած՝ դեռ ձեռք չեն քաշել մեզանից: «Մենք հաստատ չենք հրաժարվել Հայաստանից և հայ ժողովրդից: Նման բան տեղի չի ունենալու»,- ասաց Ֆյուլեն։

Չգիտես ինչու, Սարգսյանի հայտարարությունը «անակնկալ» հնչեց մեզ համար։ Միգուցե, որովհետև մինչ այդ անընդհատ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի մասին էր խոսվում, անգամ նախագահն էր հայտարարում (լրատվամիջոցների հետ իր վերջին հանդիպմանը, որտեղ նա բացառում էր Մաքսային միությանն անդամակցելու հնարավորությունը):

News.am-ը հետաքրքիր մի փաստագրություն էր մեջբերել, թե «ինչ հաջորդականությամբ է Հայաստանը քայլեր կատարել դեպի Մաքսային միություն»։

Փաստագրությունից կարևոր մի հատված է բացակայում՝ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը Մինսկում՝ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական՝ մայիսին կայացած նիստի շրջանակում: «Մենք քննարկել ենք նաև Մաքային միությանը և ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Հայաստանն ընդհանուր առմամբ ցանկանում է դրան մասնակցություն ունենալ: Մեզ համար ևս դա կարևոր է: Անհրաժեշտ է միայն գտնել համագործակցության պատշաճ ձևաչափ»,- նշել էր Մեդվեդևը: Տիգրան Սարգսյանն էլ պատասխանել էր, թե պաշտոնական Երևանի դիրքորոշումը «հստակ է, և ոչ մի կասկած չկա»: «Այժմ արդեն տեխնիկական մակարդակով պետք է հստակեցնել՝ ինչպիսի տեմպերով և քայլերով գնալ առաջ»,- ասել էր Տիգրան Սարգսյանը: Հայաստանի վարչապետն ավելացրել էր, որ Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ քննարկել է միությանն ինտեգրվելուն ուղղված հուշագրին առնչվող հարցեր: «Կա փոխըմբռնում, որ անհրաժեշտ է արագ պատրաստել այդ հուշագիրը, այն համաձայնեցնել նախագահների հետ և ստորագրել»,- ասել էր Տիգրան Սարգսյանը։ Կարծում եմ՝ շատ բան է պարզ՝ թեև այս ամենը հետահայաց է։

Իսկ դրանից դեռ երկու ամիս առաջ, մարտից ԵՄ-ն զգուշացնում էր, որ «և՛, և՛» չի լինելու, միակ հնարավորությունը «կա՛մ, կա՛մ»-ն է (տե՛ս, օրինակ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին)։ Այսինքն՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հնարավորությունը եվրոպացիների համար առարկայացել էր գոնե մարտին։ Ահա թե ինչու էին նույն եվրոպացիները հունիսի վերջին շտապում Հայաստանի հետ ավարտել «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ» բանակցությունները։ Սա, ի դեպ, կատարվեց Բրյուսելում, բառացիորեն մի քանի օրվա ընթացքում (23-24 հունիս)։

Հետաքրքիր է, որ նախագահականում «և՛, և՛»-ից հույսը չէին կորցնում անգամ սեպտեմբերի 4-ին, երբ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարում էր, թե նոյեմբերին Վիլնյուսում կնախաստորագրվի եթե ոչ «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ» համաձայնագիրը, ապա գոնե «Ասոցացման համաձայնագիրը»՝ վերջինիս տակ հասկանալով միայն քաղաքական կամ ժողովրդավարական բարեփոխումների բաղադրիչը։ Այս հեռանկարում հստակություն մտցրեցին Շտեֆան Ֆյուլեի երևանյան այցն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունները։ «Ժողովրդական դիվանագիտությամբ» այն հնչում է՝ այս պահին ոչ մի բան էլ չի նախաստորագրվելու, բայց ամեն ինչ դեռ առջևում է։

Իսկ մինչ այդ հայկական լրատվամիջոցներում անընդհատ շրջանառվում էր «և՛, և՛»-ը։ Պարզվում է, սա իշխանությունների փորձն էր գոնե ինչ-որ քաղաքականություն վարել, գոնե խաղի մեջ մնալ, գոնե ցույց տալ կամ «աչքին թոզ փչել», որ մենք կանք։ Մարդ ես, մեկ էլ տեսար ստացվեց։ Ինչով ավարտվեց այս ամենը, պարզվեց սեպտեմբերի 3-ին։

Իսկ կարևորը ռուսական կողմի հետևողականությունն է։ Նրանք քաղաքականություն ունեն (ոմանք դա աշխարհաքաղաքական շահ են անվանում) և այդ քաղաքականությունն արտահայտվում է նաև պաշտոնական հանդիպումներում ու դրանց հաջորդող հայտարարություններում։ Այս առումով ռուսները ընկալելի են, բաց, թափանցիկ։

Այլ հարց է, որ հայկական կողմը այդ հայտարարություններին մեղմ ասած «լուրջ» չի վերաբերվում։ Դե հանդիպում էր, հանդիպեցինք։ Դե բան էր, ասացինք։ Դե Գալուստ Սահակյանը, Արտակ Զաքարյանը, Հովհաննես Սահակյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, վերջին տարբերակով՝ Էդվարդ Նալբանդյանը, Վիգեն Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, անգամ՝ Սերժ Սարգսյանը (հերթագայությունը ըստ «կալիբրի» է, միգուցե մի փոքր շեղումներով) կխոսեն, կանցնի կգնա։

Չհաշված փորձագետների բանակը, որը ձեզ ամեն ինչում կարող է համոզել, վրադիր՝ Ղարաբաղի ալիբին։ Չանդամակցենք՝ պատերազմ կսկսեն, կամ էլ՝ անդամակցենք, որ պատերազմ չսկսեն։ Զուտ շեշտադրման խնդիր է ու ըստ ճաշակի՝ նայած ով է, ում համար է ու, ի վերջո, ինչ է պետք հիմնավորել։

Հետո նախագահականը իր մոտ «գաղնտի» կհավաքի «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանին, «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադևոսյանին, «Արմնյուզի» տնօրեն Արտակ Ալեքսանյանին, «Հանրային հեռուստաընկերության» լրատվական ծրագրի տնօրեն Գևորգ Ալթունյանին, «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանին, «Գոլոս Արմենի» թերթի խմբագիր Ֆլորա Նախշքարյանին, Պետրոս Ղազարյանին՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունից, Կարմեն Դավթյանին «Իրավունք դե ֆակտո»-ից և մի քանի հեռուստաընկերությունների ներկայացուցիչների, հանդիպմանը կմասնակցեն նաև Հրաչ Գալստյանն ու Թաթուլ Մանասերյանը (ilur.am), ու Սիրիայից սկսած, Աֆղանստանով ու Իրանով վերջացրած, Ղարաբաղի անվտանգությունն էլ ձեզ վրադիր, կապացուցի, որ պետք էր Մոսկվայում հայտարարել Մաքսային միության մասին, ու դուք էլ կարևոր գործ ունեք անելու…

Այս ամենում միայն մի բան է ինձ հետաքրքրում՝ երբ ենք սպանելու Սևակի ասած հայկական «արխայինություն-դինջությունը», ե՞րբ ենք սկսելու պետությանը որպես պետություն վերաբերվել, երբ ենք լրջանալու։ Ու լրջանալը, ի դեպ, «հայրենասիրությունը» չէ՝ մենք, մեր պապերը, մեր հազարամյա մշակույթը, մեր եկեղեցին, մեր քրիստոնեությունը, ցեղասպանությունն էլ՝ ձեզ վրադիր (կողմնակի էֆեկտներով՝ պահանջատիրություն, Անի, Վան, Աղթամար…), Ղարաբաղի անվտանգությունը՝ էլ չասած, հայ-թուրքականի մասին լրիվ մոռացել էի…

Չնայած՝ լավ է լինելու. չեք իմացել, Հայկը մ.թ.ա. 2492թ. նետահարեց գոռոզ Բելին։