Թուրքիայում ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը նվազել է. հարցում

Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի հասարակության ցանկությունը վերջին տասը տարում բավական նվազել է, իսկ ՆԱՏՕ-ի անդամակցության նկատմամբ հասարակական աջակցության ցուցանիշը Թուրքիայում ամենացածրն է դաշինքի անդամ երկրների թվում: Այս մասին են վկայում ԱՄՆ-ի Գերմանական Մարշալի հիմնադրամի (GMF) անցկացրած «Անդրատլանտյան միտումներ 2013» հասարակական հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են սեպտեմբերի 18-ին:

Հետազոտությունը ցույց է տվել, որ թուրքերի 44%-ը՝ անցյալ տարվա 48%-ի համեմատ, կարծում է՝ ԵՄ-ին անդամակցելը «լավ բան է»: Սա շատ ավելի քիչ է, քան 2004-ին, երբ այդպես էր կարծում թուրքերի 73%-ը:

Սեպտեմբերի 18-ին կայացած համաժողովում ներկայացնելով հարցումը՝ Գերմանական Մարշալի հիմնադրամի՝ Անկարայի մասնաճյուղի տնօրեն Օզգյուր Ունլյուհիսարջըքլըն ասել է, որ տրամադրությունների անկումը պայմանավորված է թուրքերի հուսախաբությամբ և նրանով, թե որքան արագ ու սահուն է տեղի ունենում մյուսների անդամակցությունը: Մինչդեռ Թուրքիայում ԵՄ դեսպան Ժան Մորիս Ռիպերի կարծիքով՝ 44% աջակցությունը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ այնքան էլ վատ չէ, նույնիսկ բավական ոգեշնչող: Նա ընդգծել է ԵՄ-ի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցությունը:

Ի դեպ՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում թուրքերի ցուցաբերած աջակցության ցուցանիշները վերջին տարիներին բավական փոփոխական են եղել: Այսպես՝ 2005-ին այդ թիվը եղել է 63%, 2007-ին նվազել է մինչև 40%, այնուհետև 2009-ին, 2011-ին և 2012-ին աճել է մինչև 48%:

Այդուհանդերձ՝ Թուրքիան ավելի մեծ խանդավառությամբ է վերաբերվում ԵՄ-ին անդամակցությանը, քան բազմաթիվ ԵՄ երկրներ՝ Թուրքիային միության կազմում ընդունելուն: Եվրոպացի հարցվածների 20%-ը դրական է գնահատել Թուրքիայի անդամակցությունը, իսկ 33%-ը դեմ է հանդես եկել դրան: 37%-ի կարծիքով՝ դա ո՛չ լավ է, ո՛չ՝ վատ:

Ըստ հարցման արդյունքների՝ թուրքերի 72%-ը (անցյալ տարվա 57%-ի համեմատ) ցանկանում է, որ իրենց երկիրը չմիջամտի Սիրիայում իրավիճակին և միայն  21%-ն է հանդես եկել քաղաքացիական պատերազմի ճիրաններում գտնվող երկրում ստեղծված իրադրությանը միջամտելու օգտին: Ավելին՝ այդ գաղափարին կողմ չէ նաև հարցմանը մասնակցած եվրոպացիների (72%) և ամերիկացիների (62%) մեծամասնությունը:  

«Արդյոք անդամակցությունը ՆԱՏՕ-ին շարունակու՞մ է մնալ երկրի անվտանգության համար կարևոր գործոն» հարցին պատասխանելիս թուրքերի կարծիքները բաժանվել են. 39%-ը կողմ էին և 39%-ը՝ դեմ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Թուրքիայում դաշինքի հանդեպ տրամադրվածության ցուցանիշն ամենացածրն է ՆԱՏՕ-ի անդամ-երկրների շարքում:

Հարցումը նաև պարզել է, որ Թուրքիայի հասարակությունը ցանկանում է, որ երկիրը միջազգային ոլորտում ունենա միայնակ գործելու ազատություն: Հարցվածների 38%-ը կարծում է, որ Թուրքիան պետք է այս ոլորտում միայնակ գործի: Թուրքիայի՝ միջազգային ոլորտում  ԵՄ-ի հետ համագործակցությանը կողմ է հարցվածների 21%-ը, ԱՄՆ-ի հետ՝ 9%-ը, Ռուսաստանի հետ՝ 2%-ը:

2013թ. հարցվածների 43%-ը հավանություն է տվել կառավարության տնտեսական քաղաքականությանը՝ անցյալ տարվա 55%-ի համեմատ: Արտաքին քաղաքականության հարցում աջակցությունն ավելի մեծ է: Հարցվածների 51%-ը գոհ է երկրի վարած արտաքին քաղաքականությունից:

«Անդրատլանտյան միտումներ» ամենամյա հարցման նպատակն է պարզել՝ ինչպես են վերաբերվում ԱՄՆ-ում, Եվրոպայում և Թուրքիայում անդրատլանտյան հարաբերությունների տարբեր ասպեկտներին և աշխարհի առաջ ծառացած խնդիրներին: 2013թ. անցկացվել է թվով 12-րդ հարցումը, որը բացահայտել է ԵՄ 11 երկրների, ԱՄՆ-ի և Թուրքիայի քաղաքացիների կարծիքները գլոբալ սպառնալիքների ու միտումների վերաբերյալ: