Տնտեսական աճը կդանդաղի մինչև 4%. ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը, 18-ը սեպտեմբերի, 2013թ.։

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունը, Մարկ Հորթոնի գլխավորությամբ, սեպտեմբերի 5-18-ը այցելել է Երևան՝ Հայաստանի հետ հիմնադրամի հնարավոր նոր ծրագրի շուրջ նախնական քննարկումներ անցկացնելու նպատակով:

Ըստ ԱՄՀ տարածած հաղորդագրության՝ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի և նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանի, ինչպես նաև կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային համայնքի և բանկային ու գործարար ոլորտների ներկայացուցիչների հետ:

«Քննարկումներն արդյունավետ էին, և առաջընթաց է գրանցվել 2013թ. մնացած ժամանակահատվածի և 2014-2016 թթ. քաղաքականության և միջոցառումների ուղղությամբ: Հետագա քննարկումներն ակնկալվում են Վաշինգտոնում՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի հոկտեմբերին կայանալիք տարեկան ժողովների ընթացքում»,- ամփոփելով հանդիպումները նշել է Հորթոնը։

Ըստ նրա՝ 2012թ. տնտեսության աշխուժացման արագ տեմպը 2013թ. չափավորվում է՝ արտացոլելով արտաքին, այդ թվում՝ տարածաշրջանային տնտեսությունների ավելի թույլ պահանջարկը, սպասվածից ավելի խիստ հարկաբյուջետային դիրքը և վարկերի դանդաղ աճը:

«Հավանական է, որ աշխուժության տեմպը դանդաղի հուլիսին տեղի ունեցած գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացման հետևանքով։ 2013թ. սպասվում է 4%-ից ցածր տնտեսական աճ, սակայն միջին ժամկետում այն աստիճանաբար կբարձրանա 5%՝ հիմնված կառուցվածքային ամուր բարեփոխումների, տարածաշրջանային ավելի բարձր ինտեգրման և պետական, մասնավոր ու օտարերկյա ներդրումների ավելացման վրա»,- ասել է Հորթոնը։

Ըստ ԱՄՀ պաշտոնյայի՝ պարենային ապրանքների և էներգակիրների գների բարձրացումը գնաճը մղել է կենտրոնական բանկի նպատակային միջակայքից (4±1,5%) վերև: Հավանական է, որ հետագա մի քանի ամիսների ընթացքում պահպանվի բարձր գնաճը՝ 2014թ. վերադառնալով նպատակային միջակայք՝ արտացոլելով գնաճի լավ խարսխված սպասումները և ԿԲ-ի կողմից վերջերս (վերաֆինանսավորման) տոկոսադրույքի բարձրացումը։

«2013թ. հավանական է, որ բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 2%-ից ցածր լինի՝ բյուջեով նախատեսված 2,6% համեմատ: Ակնկալվում է, որ կապահովվեն բյուջեի եկամուտների թիրախները, իսկ ծախսերը կլինեն ավելի ցածր, թեև տարվա երկրորդ կիսամյակում ելքերն ավելացել են։ Առաքելությունը քննարկել է 2014թ. բյուջեի նախագիծը՝ շեշտադրելով պակասուրդը ՀՆԱ-ի 2%-ից ցածր՝ պարտքի կայունացման մակարդակին մոտ պահելու անհրաժեշտությունը և գնահատելով հարկերի հավաքագրումն առավել ամրապնդելու հեռանկարները՝ լրացուցիչ կապիտալ և սոցիալական ծախսերի համար ֆինանսավորում ապահովելու նպատակով»,- ասել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը։

Նրա խոսքով՝ ԱՄՀ առաքելությունը ընդգծել է, որ աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումներն անհրաժեշտ է իրականացնել հանրային հատվածում արդյունավետության բարձրացման, հարկաբյուջետային կայունության և կապիտալ ծախսերի համարժեք ապահովմանը համահունչ, ինչպես նաև ուշադրություն դարձնել ազդեցությանը գնաճի, մասնավոր հատվածի աշխատավարձերի և գործազրկության վրա։

«Այս տարի արտաքին ճշգրտումն ավելացել է: Վերջինս արտահանման առողջ ընդլայնման արդյունք է, որը գլխավորել են հանքարդյունաբերությունը և ագրովերամշակումը, ճկուն մասնավոր տրանսֆերտները և ներմուծման համեստ աճը: ԿԲ-ն ամռանը կարողացել է պահուստներ կուտակել և սահմանափակել դրամի վրա աճի ուղղությամբ ճնշումները: Ընթացիկ հաշվի պակասուրդը, ըստ կանխատեսման, 2014-2016թթ. կնվազի՝ արտացոլելով գազի գների նվազումն ու արտահանման շարունակական աճը, որին օժանդակել են ռուսական շուկայում ձեռքբերումները, կառուցվածքային բարեփոխումները, ԵՄ չափանիշների հետ ներդաշնակեցումը, օդային կապի ընդլայնումը և ենթակառուցվածքի բարելավումները»,- ասել է Հորթոնը:

ԱՄՀ ներկայացուցիչը նշել է, որ կառուցվածքային բարեփոխումները շարունակվել են, և ապագա միջոցառումները պետք է նպատակաուղղվեն գործարար միջավայրի, բաց տնտեսության, մրցակցության և դիվերսիֆիկացման բարելավմանը՝ միաժամանակ դիմագրավելով կարևոր ռիսկերի:

«Հիմնական ոլորտները ներառում են կարգավորման և ստուգումների պարզեցումը, ներքին մրցակցությունը, մաքսային վարչարարությունը, բանկային ոլորտի և կենսաթոշակային հիմնադրամի վերահսկողությունը, քաղաքացիական ավիացիայի և էներգետիկայի ոլորտները: Առաքելությունը նախնական քննարկումներ է անցկացրել Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետևանքների վերաբերյալ՝ կապված արտաքին մաքսատուրքերի, առևտրի և ներդրումների հետ»,- ասվում է ԱՄՀ տարածած հաղորդագրության մեջ:

«Պատվիրակությունը ցանկանում է շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին՝ գերազանց համագործակցության և հյուրընկալության համար»,- ասել է Հորթոնը։