PKK-ի զինյալները Թուրքիան կլքեն միայն կառավարության կոնկրետ քայլերից հետո

Քուրդ զինյալները կշարունակեն հեռանալ Թուրքիայից այն դեպքում, եթե թուրքական կառավարությունը վստահություն ներշնչող քայլեր ձեռնարկի: Այս մասին հայտարարել է Քրդստանի համայնքների գերագույն խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը, որը PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցության) փաստացի ղեկավարն է, հաղորդում Bianet-ը:

Բայըքի խոսքով՝ թեև PKK-ն դադարեցրել է զինյալների դուրսբերումը, սակայն պահպանում է կողմերի միջև ձեռք բերված զինադադարը: PKK-ի ղեկավարը կարծում է, որ անարդար է թուրք-քրդական խաղաղության գործընթացում առկա լարվածությունը բարդել կառույցի վրա:

«Ի՞նչ է արել Թուրքիայի կառավարությունը, ինչ-որ ծրագիր հրապարակե՞լ է: Ոչ ոք այդ մասին ոչինչ չգիտի», – ասել է քուրդ առաջնորդը:

Ըստ Bianet-ի՝ քուրդ հրամանատարը խոսել է քրդերի և թուրքական իշխանությունների միջև հանդիպումները իրական բանակցությունների վերածելու կարևորության մասին: Բայըքն անդրադարձել է նաև PKK-ի հիմնադիր, քուրդ ժողովրդի առաջնորդ հռչակված Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանների բարելավման մասին:

PKK-ն 2013թ. սեպտեմբերի սկզբին դադարեցրել է իր զինյալների դուրսբերումը Թուրքիայից՝ հայտարարելով, որ կառավարությունը քրդական հարցի լուծման ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, իսկ «վարչապետ Էրդողանը խաբում է քուրդ ժողովրդին»:

Թուրք-քրդական խաղաղության գործընթացի ներկա փուլը սկսվել է 2013թ. մարտի 21-ին, երբ PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանի կոչով PKK-ն զինադադար էր հայտարարել: Մայիսի 8-ին սկսվել է քուրդ զինյալների հեռացումը Թուրքիայից, որին պետք է հաջորդեին քրդական հարցի լուծման ուղղությամբ Թուրքիայի կառավարության գործողությունները:

Մեկնաբանել