Ռուսաստանցիներն ավելիին են արժանի, քան Պուտինն է․ Ջոն Մակ-Քեյն

Հանրապետական սենատոր, ԱՄՆ-ի 2008թ․ նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի գլխավոր մրցակից Ջոն Մակ-Քեյնը սյունակ է հրապարակել ռուսական «Պրավդա․ռու» ինտերնետային պարբերականում՝ «Ռուսաստանցիներն ավելիին են արժանի, քան Պուտինն է» վերնագրով, որում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է կոռուպցիայի և բռնապետության մեջ։

Հոդվածում սենատոր Մակ-Քեյնը գրել է, որ ռուսաստանցիներն արժանի են ավելի լավ կառավարության, որը հավատում է քաղաքացիներին և հաշվետու է նրանց առջև։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանում իշխանությունը մանիպուլյացիայի է ենթարկում ընտրությունները, վերահսկում է լրատվամիջոցները և չի հավատում այնպիսի արժեքներին, ինչպիսին են կյանքի, ազատության իրավունքն ու երջանկության ձգտումը։

Սենատորը նշել է, որ հաճախ է քննադատում Ռուսաստանին, սակայն վստահ է նրա ժողովրդի հզորության մեջ և հույս ունի, որ այս երկրում արժանապատիվ կառավարություն կհայտնվի։

«Ես ռուսամետ եմ, ավելի ռուսամետ եմ, քան այն վարչակարգը, որն այսօր վատ է կառավարում ձեզ»,- գրել է Մակ-Քեյնը։

Նա Պուտինին նաև մեղադրել է ամբողջ աշխարհում ագրեսիվ բռնապետերի հետ դաշինքի և համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի հեղինակությունը վարկաբեկելու մեջ։

«Պուտինը չի բարձրացնում Ռուսաստանի հեղինակությունը աշխարհում։ Նա այն վարկաբեկում է։ Նա Ռուսաստանը դարձրել է բռնապետերի բարեկամ ու ճնշվածների թշնամի, նրան չեն հավատում ժողովուրդները, որոնք ձգտում են մեր մոլորակը դարձնել ավելի անվտանգ, խաղաղ ու բարգավաճող»,- գրել է Մակ-Քեյնը։

Սենատորի այս սյունակը պատասխան է դարձել Վլադիմիր Պուտինի՝ վերջերս New York Times-ում հրապարակված հոդվածին, որում վերջինս հայտարարել էր առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտոնման Սիրիայի դեմ ամերիկյան ռազմական հարվածի անթույլատրելիության մասին, ինչպես նաև քննադատել էր Բարաք Օբամային այն բանի համար, որ նա իր ուղերձում ամերիկացիներին «բացառիկ» է անվանել։ Մակ-Քեյն այդ ժամանակ Պուտինի հոդվածն անվանել էր «վիրավորանք ցանկացած ամերիկացու ինտելեկտի համար»։

Մեկնաբանել