ՀՅԴ-ն Սյունիքի 38 ընտրատարածքի թեկնածուներին ինքնաբացարկի կոչ է անում

ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն հայտարարություն է տարածել սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք ընտրությունների վերաբերյալ` նշելով, որ Դաշնակցությունը որևէ կերպ չի ներգրավվելու իշխանության կազմակերպած հերթական ֆարսում: Հայտարարությունը ներկայացված է ստորև:

Հաշվի առնելով, որ`

–        սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք ընտրությունները որևէ էական շրջադարձ չեն նշանավորելու ըստ էության նմանվելու են նախորդ բոլոր «ընտրություններին»,

–        ՀՅԴ-ն հավատարիմ է մեծամասնական ընտրակարգի վերացման գաղափարին,

–        Չկան ընտրական գործընթացը ամբողջական վերահսկելու լիարժեք մեխանիզմներ, ինչը թույլ չի տալու ընտրական արդյունքը համարել արժանահավատ,

ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն հայտարարում է`

  1. Ընտրության արդյունքը չլիգիտիմացնելու համար մենք որևէ կերպ չենք ներգրավվելու ընտրական գործընթացում և կոչ ենք անում ընտրողներին չմասնակցել սեպտեմբերի 29-ին կայանալիք թիվ 38 ընտրատարածքի ընտրություններին:
  2. Առաջարկում է ոչ իշխանական մյուս թեկնածուներին ինքնաբացարկ հայտարարել, զերծ մնալ իշխանության ծրագրած ընտրական ֆարսին մասնակցելուց և թվացյալ մրցակցություն ստեղծելուց:

Թիվ 38-ում լրացուցիչ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ այստեղից մեծամասնական կարգով պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ: Դրան նախորդել էր Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը` հունիսի 1-ին նրա առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով: