Երևանի ասֆալտապատմանը պետբյուջեից կուղղվի Դ7,5 մլրդ

Համաշխարհային բանկի ուսումնասիրություններով՝ զարգացող երկրներում ճանապարհաշինական ծրագրերում գումարի 5-20%-ը պաշտոնյաներին տրվող կաշառքներն են։

Պահուստային ֆոնդից Երևանի փողոցների ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգմանը հավելյալ միջոցներ հատկացվեցին այն դեպքում, երբ քաղաքային բյուջեով այս նպատակի համար նախատեսված է մոտ Դ4 մլրդ։ Ընդ որում, անցած տարի նույնպես պահուստային նույն նպատակին գործադիրն ուղղել էր Դ4,5 մլրդ։

Վերջին երեք տարիներին (2010-2012 թթ.) Երևանի ասֆալտապատմանն ուղղվել է շուրջ Դ20 մլրդ։ Այդուհանդերձ, քաղաքապետարանը շարունակում է պնդել, որ «թեև վերջին տարիներին Երևան քաղաքում պողոտաների և փողոցների ասֆալտբետոնյա ծածկի լայնամասշտաբ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, սակայն մասնավորապես կենտրոնական հատվածներում ասֆալտբետոնյա ծածկը դեռևս բավարար որակի չէ»։

Հատկացված միջոցների հաշվին ակնկալվում է ունենալ 1 մլն քմ ասֆալտբետոնյա շերտ երթևեկելի հատվածներում, շուրջ 70 հազ. քմ ասֆալտբետոնյա շերտ մայթերի հատվածներում։ Տեղադրվելու են շուրջ 38 կմ նոր եզրաքարեր։

Համաշխարհային բանկի ուսումնասիրություններով՝ զարգացող երկրներում ճանապարհաշինական հայտամրցույթներում գումարի 5-20%-ը պաշտոնյաներին տրվող կաշառքներն են։

Ի դեպ, կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցներից ընդամենը Դ1,4 մլրդ-ը կուղղվի Երևանում քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերմանը։ Քաղաքապետարանը նախատեսում է 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով ձեռք բերել 100 բնակարան։