Թուրքիայի Ադրիանապոլիս քաղաքը կարող է քրիստոնեական ուխտավայր դառնալ

Թուրքիայի Ադրիանապոլիս հնագույն քաղաքը, որը հաճախ անվանում են «սևծովյան տարածաշրջանի Զեուգմա», կարող է դառնալ ուխտավայր քրիստոնյաների համար. պատճառը քաղաքում պեղումների արդյունքում հայտնաբերված խճանկարն է, որը կարող է գրավիչ դառնալ քրիստոնյա զբոսաշրջիկների համար, գրել է Hurriyet Daily News-ը:

Հնագույն այս քաղաքը գտնվում է Քարաբյուք սևծովյան շրջանում: Վերջինիս մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Իբրահիմ Շահինի տեղեկացմամբ՝ 12 հոգուց բաղկացած խումբը, որի կազմում են գերմանացի և ավստրիացի մասնագետներ, հետազոտում է հին քաղաքի ընդերքը:

«Այս տարածքում աշխատող գերմանացի հետազոտողներն ասում են, որ քրիստոնյա աշխարհը հետաքրքրվածություն կցուցաբերի այս վայրի նկատմամբ: Այսպիսով՝ երբ աշխատանքներն ավարտվեն, քաղաքը կբացվի զբոսաշրջիկների համար՝ վերածվելով ուխտավայրի: Այստեղ գտնվող եկեղեցու խճանկարները կցուցադրվեն զբոսաշրջիկներին», – ասել է Շահինը: