Կալիֆոռնիայի նահանգային ժողովի խոսնակը` Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային ժողովի խոսնակ Ջոն Փերեզի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի:

Ինչպես հաղորդում են Մայր աթոռի մամուլի դիվանից, հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ողջունել է ՀՀ Ազգային ժողովի և ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային ժողովի միջև ձևավորվող համագործակցությունը: Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել նաև Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամներին` 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Կալիֆոռնիայի հայ համայնքի կյանքին և նրա կարևոր ներդրմանը նահանգի զարգացման գործում:

Իր հերթին ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային խորհրդի խոսնակ Ջոն Փերեզը շնորհակալություն է հայտնել հայոց հոգևոր կենտրոնում ջերմ ընդունելության համար` իր խոսքում մասնավորապես անդրադառնալով այցի նպատակին և Հայ Եկեղեցու դերակատարությանը համայն հայության կյանքում:

Մեկնաբանել