Թուրքական բանակը հարվածել է Սիրիայի քրդերի հենակետերին

Թուրքիային սահմանակից սիրիական Թել Աբյադ շրջանում քրդերի ու ծայրահեղ արմատական «Ալ Նուսրա ճակատի» միջև մղվող կռիվներին միջամտել է թուրքական բանակը, հաղորդում է քրդական Firat գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ թուրքական բանակը սեպտեմբերի 19-ին կրակ է բացել Թել Աբյադ շրջանում գտնվող քրդական «Ժողովրդական պաշտպանական միությունների» (YPG) հենակետերի վրա: Թուրք դիպուկահարների հարվածից սպանվել է քրդական գումարտակի երկու զինվոր:

Firat-ը գրում է, որ «Ալ Նուսրայի» զինյալների՝ քրդական դիրքերի վրա երկրորդ հարձակումը համընկել է թուրքական բանակի հարվածի հետ: Քրդերը պնդում են, որ թուրքերն ու «Ալ Նուսրան» համատեղ են գործում:

Սիրիայում ներքաղաքական ճգնաժամից հետո քրդերն ուրույն ճանապարհ են ընտրել: Քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» գլխավորությամբ կազմավորվել են ռազմական գումարտակներ, որոնք պայքարում են Սիրիայի քրդաբնակ շրջաններում իրենց վերահսկողությունը հաստատելու համար: Թուրքիան, անհանգստացած քրդերի հաջողություններից, օժանդակում է «Ալ Նուսրային», որն էլ իր հերթին պայքարում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դեմ:

Մեկնաբանել