Հայկական կողմը պատրաստ է առանց միջնորդի Ադրբեջանի հետ քննարկել գերիների հարցերը. ՀՀ ՊՆ

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համապատասխան ոլորտներում ընդհանուր համագործակցության հեռանկարները:

Ինչպես հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև ադրբեջանական գերության մեջ գտվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված իրավիճակը: Նա անդրադարձել է վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում տեղ գտած Ադրբեջանի Գերիների, պատանդների, անհետ կորածների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովի հայտարարությանը, որը տեղեկացրել էր, որ հայ ռազմագերի Ինջիղուլյանը իբրև թե խնդրել է իրեն տեղափոխել 3-րդ երկիր: Եթե այդ տեղեկատվությունը ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող հերթական քարոզչական հնարք չէ, ապա դրա տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաքվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի` իր մանդատի շրջանակումներ գրավումը` Հակոբ Ինջիղուլյանին փախստականի կարգավիճակ շնորհելու գործընթաց սկսելու մասով:

Նա նաև տեղեկացրել է, որ հայկական կողմը բազմիցս վերահաստատել է Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու իր խոստումը՝ այսպիսով բացառելով «հետապնդումների զոհ դառնալու հիմնավորված երկյուղի» հավանականությունը, առավել ևս, որ չկան ռասայական, ազգային պատկանելության, կրոնի, քաղաքական կարծիքի կամ այլ առումներով այդ երկյուղը հաստատելու հիմքեր:

Ընդգծելով այս փաստերը՝ ՊՆ առաջին տեղակալը կոչ է արել ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակին և այլ շահառուներին նմանօրինակ դեպքերի քննարկման ժամանակ հաշվի առնել վերոնշյալ հանգամանքները:

Նա նաև նշել է, որ Ինջիղուլյանին «փախստականի կարգավիճակ» շնորհելը միգուցեև հնարավորություն է գերության մեջ խուսափելու նրա նկատմամբ ֆիզիկական բռնություններից, խոշտանգումներից և այլ ողբերգական հետևանքներից, ինչպիսիք տեղի են ունեցել նախկինում նման դեպքերի ժամանակ (մասնավորապես ադրբեջանական գերության մեջ սպանված հովվի՝ Մանվել Սարիբեկյանի դեպքը): Նշվել է, որ բացասական նախադեպերը պետք է բացառվեն, հետևաբար հնարավոր գործողությունները պետք է առավելագույնս զգուշորեն և բազմակողմանիորեն քննարկվեն:

Քրիստոֆ Բիրվիրթը խոստացել է ՀՀ ՊՆ առաջին տեղակալի ներկայացրած դիրքորոշումը փոխանցել գլխավոր գրասենյակ: Նա միաժամանակ ընդգծել է փախստականի կարգավիճակ սահմանելու մանդատային գործընթացում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի անկախությունը և դրա բացառապես մարդասիրական, ոչ քաղաքական մանդատը:

Ի հավելումն` նշվել է, որ հայկական կողմը պատրաստ է գոյություն ունեցող միջազգային և այլ ձևաչափերում առանց միջնորդական ջանքերի երկկողմանի մակարդակով ադրբեջանական իշխանությունների հետ քննարկել այսօրինակ դեպքերը:

Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում՝ ծառայությունն իրականացնելու ժամանակ, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր առաջնագծում և սխալմամբ անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք: Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչներին երկար բանակցություններից հետո հաջողվել էր հանդիպել Ինջիղուլյանին` օգոստոսի 20-ին: Իսկ օգոստոսի 21-ին Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ եթե Ինջիղուլյանը ցանկանա, ապա կարող է վերադառնալ Հայաստան: