Տարոն Մարգարյանի աշխատանքային շրջայցը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Ռուբինյանց 4ա հասցեի բնակիչների հետ միասին մասնակցել է հերթական բարեկարգ ու հարմարավետ բակի հանդիսավոր բացման արարողությանը, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Երևանի զարգացման 2013թ. ծրագրերի շրջանակում միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շուրջ երկու տասնյակից ավելի բակեր են բարեկարգվել ու հանձնվել բնակիչների տնօրինմանը: Տարոն Մարգարյանը շրջել և բնակիչների հետ միասին գնահատել է կատարված աշխատանքը: Ծրագրի շրջանակում բակը կահավորվել է նստարաններով, զրուցարաններով ու խաղային ատրակցիոններով: Բակային տարածքն ապահովվել է նաև գիշերային լուսավորությամբ:

Բնակիչների հավաստմամբ՝ բակն անխնամ է եղել դեռ խորհրդային տարիներից սկսած: Նրանք իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ բակերի ու Երևանը բնակիչների համար առավել հարմարավետ դարձնելու նախաձեռնությունների համար: Նրանք նաև նշել են, որ սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին ու հիմնականում իրենց ձեռքերով են ազատել ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքները՝ նոր ու հարմարավետ հանգստի գոտի ունենալու համար:

Աշխատանքային այցի շրջանակում Տարոն Մարգարյանն այցելել է նաև Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ: Մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական խոշոր այս ծրագրի իրականացման արդյունքում զգալիորեն կբեռնաթափվի Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց և Ռուբինյանց-Սևակ փողոցների երթևեկությունը:

Շինարարները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են համաձայն սահմանված ժամանակացույցի: Ծրագրի շրջանակում վերակառուցվել և լայնացվել է նաև երկաթգծի գոյություն ունեցող կամուրջը, որն այժմ ունի 66 մ երկարություն, 7.5 մ լայնությամբ երթևեկելի մաս և 1 մ լայնությամբ երկկողմանի մայթեր: Տեղում նախագծի վրա Տարոն Մարգարյանին ներկայացվել է նաև, թե ճանապարհի ողջ երկայնքով այդ պահին որ հատվածում ինչ աշխատանքներ են ընթանում: Ավտոճանապարհի կառուցմանը զուգահեռ, ամբողջությամբ փոխվել են նաև հեղեղատար և կենցաղային կոյուղագծերը: Այժմ ընթացքի մեջ են արտաքին լուսավորության համակարգի տեղադրման աշխատանքները: Ճանապարհի ողջ երկայնքով կտեղադրվի 86 հենասյուն 172 լուսատուով. «Երկու փուլի էր բաժանված ծրագիրը: Առաջին փուլը մոտ 1.9 կմ էր, որի 80 տոկոսն արդեն ավարտին ենք հասցրել, և երկրորդ փուլը 600մ է, որը ևս արդեն ավարտին է մոտենում: Մնացել է ավտոճանապարհի վերջին հատվածը, որն առաջիկա մեկ ամսվա ընթացքում ևս կավարտենք և կհանձնենք շահագործման: Այս ճանապարհի կառուցումով մենք հիմնականում չորս խնդիր ենք լուծում: Առաջին հերթին մայրաքաղաքի երթևեկի բեռնաթափման հետ կապված, քանի որ այս ճանապարհն, ըստ էության, զգալիորեն կթեթևացնի Ռուբինյանց փողոցի ծանրաբեռնված տրանսպորտային հոսքերը: Երկրորդը՝ այս հատվածում ապրում են շուրջ 10 հազ. բնակիչներ, որոնց համար իրենց բնակարաններ հասնելը 60-70 տարի միշտ եղել է անհարմարավետ, և այսօր մենք նաև այդ հարմարավետությունն ենք ապահովում: Բացի այդ, բնակելի այս տարածքներում ընդհանրապես չի եղել կոյուղագիծ և այս ծրագրով մենք նաև, ինչպես կոյուղու, այնպես էլ խմելու ջրի և արտաքին լուսավորության խնդիրներն ենք լուծել»,- ընդգծել է քաղաքապետը:

Հետևելով իրականացվող աշխատանքների ընթացքին` քաղաքապետը հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել աշխատանքների կատարման ընթացքի նկատմամբ` խստորեն հետևելով սահմանված ժամանակացույցի պահպանմանն ու որակի ապահովմանը. «Ավտոճանապարհի կառուցման աշխատանքների որակը գնահատում եմ բավարար: Աշխատանքների որակի պահպանման խնդիրը մշտապես գտնվում է, ինչպես մասնագետների, այնպես էլ իմ և քաղաքապետի առաջին տեղակալի հսկողության ներքո»,- ընդգծել է քաղաքապետը:

Կարապետ Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող նոր ավտոճանապարհի լայնությունը կկազմի 9 մ, երկու կողմերում կկառուցվեն նաև 1.5 մ լայնությամբ մայթեր:

Մեկնաբանել