Եվրոբանկը չգիտի՝ Հայաստանը տնտեսական ինչ օգուտ կստանա Մաքսային միությունից

Դեռևս վաղ է կանխատեսել, թե տնտեսության վրա ինչ ազդեցություն կունենա Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը. հինգշաբթի Երևանում հրավիրված ասուլիսին հայտարարեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի և Մոլդովայի տարածաշրջանի տնօրեն Բրունո Բալվաներան:

Նրա խոսքով՝ Հայաստանը միայն հայտարարել է Մաքսային միության անդամակցելու մտադրության մասին, և ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հնարավոր լինի գնահատել տնտեսական ազդեցությունները, քանի որ մինչ այն դեռ պետք է տեղի ունենան բանակցային գործընթացներ։ «Մենք այսօր միայն գիտենք, որ Հայաստանի անդամակցության դեպքում կնվազեն գազի սակագները, քանի որ Մաքսային միության երկրների համար ռուսական գազն ավելի էժան է, քան մյուս երկրների համար»,- ասաց նա՝ հավելելով, որ գազի գնի իջեցումը դրական կազդի Հայաստանի տնտեսության վրա, գնաճի վրա։

Բալվաներան ասաց, որ ՎԶԵԲ-ը հարգում է յուրաքանչյուր պետության որոշումը միանալու այս կամ այն միությանը: Ռուսաստանը նույնպես ՎԶԵԲ-ի անդամ է, և բանկի գործունեության ծավալների 30%-ը բաժին է ընկնում այդ երկրին։ Բանկը աշխատում է նաև Մաքսային միության մյուս երկրների՝ Բելառուսի և Ղազախստանի հետ։

Ասուլիսը հրավիրվել էր ներկայացնելու ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի նոր տնօրեն Մարկ Դևիսին, որն այդ պաշտոնում փոխարինում է ռումինացի Վալերիու Ռազլոգին:

Դևիսը 2010-2012թ. զբաղեցրել է Goldman Sachs-ի գործադիր տնօրենի պաշտոնը, մինչ այդ աշխատել է Morgan Stanley-ում՝ կենտրոնանալով պարտատոմսերի շուկայի, ածանցյալ գործիքների, պրոբլեմային պարտքի վրա։ Մինչ մասնավոր հատված տեղափոխվելը նա աշխատել է Համաշխարհային բանկում։

ՎԶԵԲ-ն օժանդակելու է Հայաստանի կապիտալի շուկային

Մարկ Դևիսի խոսքով՝ ՎԶԵԲ-ն առաջիկա տարիներին օժադակելու է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը և դրա համար ունի ներուժ և հնարավորություն։ Ըստ նրա՝ առաջիկա տարիներին բանկը Հայաստանում շարունակելու է օժանդակել ֆինանսական ոլորտի զարգացմանը, ֆինանսական հասանելիության բերալավմանը, ինչպես նաև շարունակելու է քաղաքային տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերը, կայուն էներգետիկայի ոլորտի ֆինանսավորումը։

Պաշտոնը լքող Վալերիու Ռազլոգն ասաց, որ Հայաստանում իր չորս տարվա գործունեության արդյունքում ՎԶԵԲ-ի վարկային պորտֆելը գրեթե կրկնապատկվել է և ներկայում կազմում է մոտ 700 մլն եվրո։ Հայաստանում ՎԶԵԲ-ի վարկային պորտֆելի 90%-ը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։

Հարցին, թե որքան են կազմում վարկային պորտֆելում խնդրահարույց վարկերը, Ռազլոգը պատասխանեց, որ բավական փոքր ծավալ է կազմում։ «Ունենք մի քանի ծրագիր, որոնց շատ ուշադիր հետևում ենք։ Դրանց թիվը նույնիսկ ավելի քիչ է, քան մենք կանխատեսում էինք»,-ասաց նա։

Հարցին, թե բանկը Հայաստանում որքան միջոցներ է ներդնելու գալիք տարի, Ռազլոգը պատասխանեց, որ ՎԶԵԲ-ը Հայաստանում սովորաբար տարեկան 100 մլն եվրոյի վարկային ծրագրեր է իրականացնում, իսկ թե գալիք տարի ինչ ծավալի վարկային ծրագրեր կիրականացվեն, կախված կլինի նոր ղեկավարից։