«Մենք ապրելու ենք մեր երկրում». Շահան Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առիթով հոդված է հրապարակել, որը ներկայացված է ստորև.

Քսաներկուերորդ սեպտեմբերի 21-ի նշումը Հայաստանի Հանրապետության ժամանակակից գերխնդիրների վրա է հրավիրում բոլորի ուշադրությունը: Պետք է անպայման արձանագրել, որ 22 տարին պատմության մեջ ակնթարթային ժամանակի հղացքը ունի. այսուհանդերձ ամենաբարդ պայմաններում, ապրելու, արարելու, զարգանալու, բայց մանավանդ սահման պաշտպանելու հրամայականները դժվար իրագործելի առաջադրանքներ են:

Այստեղ համեմատական տրամաբանությունն ինքն իրեն պարտադրում է իրադրությունների գնահատական կատարելու որևէ փորձի դեպքում: Հայաստանի Հանրապետության զարգացման նշաձողի ապահոված արդյունքները դիտարկվում են երկու կարևոր շրջագծերում: Առաջին համեմատությունը հետխորհրդային երկրների նկատմամբ է, երկրորդը` աշխարհագրական, ավելի ճիշտը տարածարջանային շրջագիծն է. իսկ այս դեպքում համեմատությունը պետք է նկատի ունենալ Հարավային Կովկասի հանրապետությունների նկատմամբ: Թվեր, աստիճանաչափեր, ներմուծման, արտահանման, արտադրողականության, ապրանքաշրջանառության և տնտեսական բարգավաճման ուղղություններն առանցքային նշանակություն ունեն նման ուսումնասիրությունների համար:

Համեմատական տրամաբանության նկատառումով մի հիմնական իրողություն առանձնացնում է մեր երկիրն ու Ադրբեջանը։ Դրանք հետխորհրդային երկու հանրապետություններ են, որտեղ շարունակվում է տիրել կիսապատերազմական վիճակը: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» բանաձևը ի զորու է դեռեվս, պարզ այն պատճառով որ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն արգելակում է խաղաղ բանակցային գործընթացը, այլ նաև կոպտորեն խախտում է միջազգային երաշխավորությամբ համաձայնեցված հրադադարը:Մեր երկիրը ուրեմն միակն է, որը պարտավորվել է գերլարված իրավիճակում պաշտպանելու իր սահմանները անընդհատ ոտընձգության փորձ կատարող Բաքվի հարձակողապաշտության դիմաց:

Սա դեռ միակ առանձնահատկությունը չէ: Պատերազմի իբրև հետևանք միայն Ադրբեջանը չէ, որ փակել է սահմանը Հայաստանի ուղղությամբ: Նույն պատրվակով ցամաքային կարևոր հիմնական ուղին փակված է նաև Անկարայի կողմից: Հայաստանի Հանրապետությունը ուրեմն միակ հետխորհրդային հանրապետությունն է, որ մինչ այժմ կիսապատերազմական և կիսաշրջափակման տակ է: Ահա ա՛յս նկատառումներով պետք է համեմատական շրջագծի տրամաբանությունում դիտարկել զարգացման ուղղությունները, կշռույթները, տարողությունները և ապահովված արդյունքները:

Սակայն այս իրողությունը ունի մի այլ տրամաբանություն։ Կիսապատերազմական վիճակի մեջ գտնվող և կիսաշրջափակված Հայաստանը բոլոր պատճառներն ունի բարդ կացությունների և դրանցից բխած բոլոր հետևանքների դեմ պայքարելու համար ձգտելու ներհայկական նպատակուղղվածության: Արտագաղթը միայն արտահայաստանյան շարժառիթներ չունի:

Ժողովրդագրական պատկերի ոչ փայլուն, չասելու համար անմխիթար իրականությունը և չկասեցվող արտահոսքը ստիպում են ուղղակի պետական և հասարակական ամբողջական կենտրոնացում` հակաճգնաժամային ծրագրերի շուրջ: Արտագաղթը հաղթահարելու հակաճգնաժամային ծրագիրը՝ «Մենք ապրելու ենք մեր երկրում»-ը թե՛ իշխանությունները և թե՛ ընդդիմադիր դաշտը իր շուրջ համախմբելու բոլոր նախադրյալներն է պարփակում: Իսկ այստեղ «մենք»-ը միայն հայաստանաբնակներին չի վերաբերում: Արտագաղթի կասեցման հակաճգնաժամային համազգային ծրագրում պետք է ներառել նաև հայրենադարձությունը, վերաբնակեցումը, մանավանդ, երբ դասական Սփյուռքի կարևոր կռվանները այսօր հայտնված են ճգնաժամում: Սփյուռքահայ ուսանողության առջև Հայաստանի բարձրագույն ուսման դաշտը բացելու հնարավորություններից մինչև Միջին Արևելքի հայության վերջնական կայարանի հեռանկարների ուրվագծումը և բնակեցման ու վերաբնակեցման առաջադրանքները իբրև հրամայական զանգվածային գործնականացման փուլ մտնելու անհետաձգելի հրամայականի առաջ են կանգնած։

Իհարկե այս բոլորը համապետական-համազգային կենտրոնացման և նպատակուղղուածության հիման վրա համալիր ծրագրեր են ենթադրում: Ուշանալը համազգային շռայլանք է պարզապես և գալիք սերունդների առաջ հսկայական պատասխանատվություն: Այս առաջադրանքների մեկնակետը նախապայմանային մոտեցում ունի. ներքին արդարություն, օրենքի առաջ հավասարություն, իրավական պետության կայացում, ստվերի չեզոքացում և հարստապետության (պլուտոկրատիա) իսպառ վերացում: Հեռվից բարեփոխումներ ակնկակելը և հեռակա կարգով բարեփոխումներին հետևելը արդարացված չէ իհարկե։ Միաժամանակ, սակայն արդար է ակնկալությունը, որ արտահայաստանյան հասարակության ներկայացուցչությունները մասնակից լինեն բարեփոխումների հետ կապված տարբեր գործընթացներին։

Ներքին քաղաքական կամքի վճռակամությունը՝ այս հրամայականները կյանքի կոչելու զգալի չափերով նպաստում է կիսապատերազմական և կիսաշրջափակման հետևանքների վերացման աշխատանքներին: և դրանցից գլխավորին՝ ժողովրդագրական «արյունահոսության» կասեցմանը:

Այո՛. «Մենք ապրելո՛ւ ենք մեր երկրում»:

Մեկնաբանել