Ջոն Քերին շնորհավորել է համայն հայությանը՝ անկախության տոնի առիթով

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում հրապարակվել է պետքարտուղար Ջոն Քերիի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-ամյակի առիթով: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Նախագահ Օբամայի և ամերիկացի ժողովրդի անունից ես իմ ամենաջերմ մաղթանքներն եմ փոխանցում Հայաստանի ժողովրդին՝ անկախության օրվա առիթով։ Միացյալ Նահանգները և Հայաստանը ամուր հարաբերություններ ունեն՝ հիմնված պատմական կապերի և փոխադարձ հարգանքի վրա։ Ես հպարտ եմ և շնորհակալ հայկական համայնքում շատերի հետ տևական բարեկամության համար։ Իբրև մի մարդ, ով երեք տասնամյակ ներկայացրել է Մասաչուսեթսը, նահանգ, որը Հայաստանից դուրս գտնվող հայերի խոշորագույն բնակավայրերից մեկն է, ես անմիջական տեղեկություններ ունեմ ամերիկյան մշակույթում, ժողովրդավարության և տնտեսական կենսունակության մեջ ձեր կատարած ներդրումների մասին։

Այսօր երկու երկրները միասին աշխատում են տարածաշրջանային և երկկողմանի դինամիկ օրակարգով: Մենք ակնկալում ենք ավելի ուժեղացնել տնտեսական և առևտրային կապերը մեր ժողովուրդների միջև այնպիսի համաժողովների միջոցով, ինչպիսիք են ԱՄՆ-Հայաստան տնտեսական աշխատանքային խումբը։ Ես մաղթում եմ համայն հայությանը ուրախ և բարգավաճ անկախության օր, խաղաղություն և երջանկություն առաջիկա տարիներին»: