Ռեժիմը և մենք

Վերջին 5-6 տարիներին հայաստանյան հասարակության ակնհայտ դեգրադացումը ՀՀ ներկայիս իշխանությունների ամենամեծ ձեռքբերումն է: Սերժ Սարգսյանի վարչակարգը կարող է իշխել միայն թույլ ու արժեքներ չունեցող հասարակության պայմաններում: Հասարակությունը թուլացնող մշտական գործընթացին իշխող ռեժիմը մասնակից է դարձրել հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին՝ փորձելով գնել, կաշառել, իր հետ կապել նրանցից շատերին: Վարկաբեկման ամենամեծ աստիճանն էլ հենց համարվում է համագործակցությունը իշխող վարչակարգի հետ: Մի քանի ուժեր, որոնք ներուժ ունեն համախմբել հասարակության այս կամ այն մասը, զբաղված են միմյանց դեմ ոչնչացնող գործողություններ կատարելով, ինչը, բնականաբար, ռեժիմի կարևոր հաջողություններից է:

Այս ամենի մեջ լուսավոր շողը քաղաքացիական ակտիվիզմն է, ինչը մերթընդմերթ փոքր հաջողություններ է արձանագրում, սակայն մեծամասամբ հենվում է զգայականի վրա և քիչ արդյունավետ է՝ հասարակության համատարած անկման, ինչպես նաև իշխանությունների ապօրինությունների ֆոնին:

Հասարակության նման վիճակը լրջագույն վտանգ է ներկայացնում հայոց պետականությանը: ՀՀ իշխանությունները, նշանակվելով թաղային կրիմինալի և հաստատվելով միջազգային հանրության կողմից, ամբողջովին հաշվետու և երախտապարտ են նրանց, ինչն արտահայտվում է մի կողմից` որոշ բիզնես ոլորտներ տեղական կրիմինալին զիջելով, ոստիկանության և արդարադատության համակարգերով այդ կրիմինալի շահերը պաշտպանելով, նրանց հանցագործությունները պարտակելով, մյուս կողմից՝ հայության կենսական շահերի հաշվին օտար երկրներին զիջումներ անելով:

Երևանում ձևավորված ռեժիմը հասարակությունը ոչնչացնող սեփական մեխանիզմներով աննկարագրելի հզոր է, իր ձեռքում է կենտրոնացրել Հայաստանում առկա գրեթե ամբողջ ֆինանսական, վարչական ռեսուրսը, օժանդակություն է ստանում արտերկրից, ամեն վայրկյան պատրաստ է գնելու, կաշառելու, բանտարկելու, անպատիժ սպանելու բոլոր նրանց, որոնք այս կամ այն չափով կարող են վտանգել իր գոյությունը: Այս չարիքի դեմ Երևանում պայքարող խմբերը չունեն համապատասխան ներուժ լուրջ հակազդեցություն տալու համար: Ոստիկանական բռնի գործողություններին, ակտիվիստների գլխին սարքվող գործերին դեռևս համարժեք պատասխան գտնել հնարավոր չի եղել:

Կարծում եմ, որ սրա հիմնական պատճառներից մեկը հենց Երևանն է՝ Հայաստանի կարևոր մարտահրավերներից մեկը: Բնակչության կեսը իր մեջ ծվարած, ռեժիմի սիրտը համարվող սթրեսածին այս քաղաքն իր մեջ կրում է ուրբանիզացիայի բոլոր հիվանդությունները, այստեղ կրիմինալն իրեն ավելի վստահ է զգում, ոստիկանությունը և դատավորները՝ ավելի անմարդկային են (օրինականության մասին խոսելն ավելորդ է): Այս պայմաններում Երևանում համակարգի վրա հարձակվելը միայն ուժեղացնում է ռեժիմին, մեծացնում հուսահատությունը հասարակության մեջ: Սրան հակառակ` հետաքրքիր հասարակությունների կարող ենք հանդիպել ՀՀ տարբեր մարզերում, լինեն մարզկենտրոնները, թե այլ բնակավայրեր: Պայքարը հարկավոր է ապակենտրոնցանել, ինքնուրույն թիմեր ստեղծել տարբեր մարզերում, ապրել Երևանից դուրս, նամանավանդ, առնվազն երեք մարզկենտրոններում քիչ թե շատ ակտիվիզմ կա, իսկ Գյումրին և Վանաձորը որոշ ցուցիչներով ընդհուպ կարող են մրցել մայրաքաղաքի հետ: Մենք Երևանը վեր ենք ածել հրեշի, որտեղ իշխանության եկած խումբը ձեռք է բերել հրեշային բոլոր գծերը և փորձում է այն տարածել ամբողջ հանրապետությամբ: Առաջնահերթ խնդիրը ոչ թե ռեժիմ-հրեշին սպանելն է, ինչը ուժերի նման հարաբերակցության պայմաններում անհնար է, այլ նրա տարածումն ու վերարտադրությունը կանխելը:

Մեկնաբանել