Էդվարդ Նալբանդյանը Հռոմում մասնակցել է ՀՀ դեսպանության բացման արարողությանը

Հռոմի Պալացո դե լա Կանչելերիա սրահներում սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացման և ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունելությունը ու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» ցուցահանդեսի բացումը։

Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Վատիկանում ՀՀ դեսպանի կողմից տրված ընդունելությանը ներկա են եղել Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության ղեկավար և Արևելյան պապական խորհրդի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին, Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտին, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ, Հայ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, Վատիկանի բարձրաստիճան հոգևորականներ, Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների անդամներ, Վատիկանում հավատարմագրված դեսպաններ, եվրոպական և իտալական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գործարարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը մասնավորապես նշել է. «Երկար տարիներ համատեղության կարգով լինելով Վատիկանում Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ դեսպան` մշտապես մտորել եմ այն օրվա մասին, երբ մեր երկու պետությունները դիվանագիտական ներկայացուցչություններ կբացեն և ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն` Երևանում և Վատիկանում: Այսօր մենք շարժվում ենք այդ ճանապարհով։ Շնորհավորելով մեզ բոլորիս այս կապակցությամբ՝ հաջողություններ եմ մաղթում դեսպան Միքայել Մինասյանին` Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանն ի նպաստ իր առաքելության իրականացման գործում:

Մեր փոխհարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն: Քրիստոնեական հավատքը դարձել է այդ առանձնահատուկ կապերի հիմքը:

Հարաբերությունների ամրապնդման գործում իրենց նպաստն են բերել այնպիսի մեծանուն գործիչներ, ինչպիսիք են` Սուրբ Ներսես Շնորհալին, Մխիթար Սեբաստացին և շատ այլ երախտավորներ:

Միանգամայն խորհրդանշական է, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական բացումը համընկնում է մեր երկրի Ազգային տոնի տարեդարձի հետ: Հայաստանի անկախության վերականգնմամբ, երկու տասնամյակ է, որ մեր երկրի և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը նոր թափ է ստացել։

Այս տարվա մարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ներկա գտնվեցին Ֆրանցիսկոս Պապի գահակալության հանդիսավոր պատարագին: Մոտ մեկ տարի դրանից առաջ` 2011թ. դեկտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Սուրբ Աթոռ և հանդիպեց Բենեդիկտոս XVI Պապի հետ:

Անմոռանալի հիշողություններ ենք պահպանում 2001թ. Հովհաննես-Պողոս II Պապի` մեր երկիր կատարած պատմական այցից, որը տեղի ունեցավ Հայաստանում քրիտոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ` ի նշան Հայաստանի և Վատիկանի միջև բարեկամական կապերի և մեր երկու եկեղեցիների եղբայրական հարաբերությունների։

Հայաստանը բարձր է գնահատում 2000թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը Սուրբ Աթոռի կողմից, որը վերահաստատվեց նաև 2001թ.:

Մենք հուզմունքով ենք հիշում Երևանում Հովհաննես-Պողոս II Պապի այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր և «Ավե Մարիա»-ի հուզառատ կատարումը աշխարհում ամենահռչակավոր հայի` Շառլ Ազնավուրի կողմից: Ես շատ ուրախ եմ, որ մեր թանկագին մաեստրոն մեզ հետ է նաև այսօր` այս արարողությանը»:

Էդվարդ Նալբանդյանը կարևորել է Սուրբ Աթոռի քարտուղարության պալատում Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված ցուցահանդեսի բացումը` նշելով, որ Հայ առաքելական եկեղեցու հիմնադրի արձանի Սուրբ Պետրոս տաճարի արտաքին որմնախորշերից մեկում տեղադրումը 2005թ. և նրա անունով մերձակա հրապարակի անվանակոչումը 2008թ. կատարվել են Հովհաննես Պողոսի II պապի կողմից:

«Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը վկայում է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև սերտ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, բայց արտացոլում է նաև այդ հարաբերություններն առավել սերտացնելու և խորացնելու մեր երկրի ցանկությունը»,- ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Վատիկանում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ Սուրբ Աթոռի անունից ողջույնի խոսքով է հանդես եկել Արևելյան եկեղեցիների միաբանության ղեկավար և Արևելյան պապական խորհրդի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաև Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանատուն, ծանոթացել դեսպանության աշխատանքային պայմաններին, հանդիպել դեսպանության աշխատակիցների հետ։

Մեկնաբանել