Մեքսիկայում փոթորիկների զոհերի թիվը հասել է 97-ի

Համաձայն Մեքսիկայի իշխանությունների տվյալների՝ «Մանուել» արևադարձային մրրիկի և «Ինգրիդ» փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղներից ու սողանքներից զոհվել է նվազագույնը 97 մարդ, հաղորդում է BBC-ն։

Լա Պինտադա գյուղը՝ Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափի մոտ, գրեթե թաղվել է սողանքների տակ։

Հայտնաբերվել է նվազագույնը 15 դի, գրեթե 70 բնակիչ անհայտ կորած է։

«Մանուել» մրրիկը շարժվել է դեպի հյուսիս՝ Սինալոա նահանգում հարյուրավոր մարդկանց ստիպելով լքել իրենց տները։

Հարվածելով ցամաքին՝ «Մանուելը» առաջացրել է հորդառատ անձրևներ, ջրհեղեղներ և մինչև 120 կմ/ժ արագությամբ քամիներ։

Այս շրջանում դպրոցները փակ են։ Սինալոա նահանգի նահանգապետ Մարիո Լոպես Վալդեսի խոսքով՝ տարերային աղետից այսպես, թե այնպես տուժել է 100 հազ․ մարդ։

Սակայն օդրեևութաբաններն այժմ ակնկալում են, որ ուժը կորցրած «Մանուելը» մինչև հանգստյան օրեր վերջնականապես կհանդարտվի։

Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ եղանակը կլինի ոչ բարենպաստ, և մասնագետները չեն բացառում նոր փոթորկի հավանականությունը։

Միաժամանակ «Ինգրիդ» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի մյուս՝ արևելյան ափին։

Մեխիկոյում BBC-ի թղթակցի խոսքով՝ 1950-ական թվականներից ի վեր Մեքսիկան առաջին անգամ է ստիպված եղել դիմակայել միանգամից երկու փոթորկի հարվածին։

Մեկնաբանել